Տեղեկություններ Կոմիտասի մասին

Տեղեկություններ Կոմիտասի մասին

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`   երաժշտասեր մի ընտանիքում: Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:

Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է գործում կաթողիկոսի վրա։ Ի վերջո, 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։

Կոմիտասն առաջին ոչ եվրոպացին էր, որն ընդունվեց Միջազգային երաժշտական ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։

Այնտեղ նա հիմնել է 300 անդամից բաղկացած «Գուսան» երգչախումբը։ 1915 թվականի ապրիլ 24-ին նա շատ ուրիշ հայ մտավորականների պես ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերները՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտել են, և Կոմիտասն ազատվել է։

Նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։

Оставьте комментарий