Հայր Կոմիտասի հետամահու Գողգոթան

Հայր Կոմիտասի հետամահու Գողգոթան

Կոմիտասը «մնացած մտավորականների պես հևում, Չանղըրիի զառիվերը հաղթահարել չէր կարողանում: Նա իր խաչը լուռումունջ կրում, պապակ լեզուն մերթընդմերթ փառակալած շուրթերին էր տանում»: Քիչ անց հանդիպած ջրհորից, սակայն, ոստիկանապետ Իբրահիմ բեյը բռնահանվածներին չի թույլատրում ջուր խմել` մինչև «իր ութսունչորս զտարյուն երիվարները, սայլերին լծված բեռնաքարշ ջորիները» չհագենան: Ձերբակալման պահին գրպանների անկյուններում մնացած մանրադրամները կցմցելով զինվոր-ոստիկանին կաշառած Արփիարն ու ընկերները մի դույլ ջուր են հասցնում «ծարավից տոչորվող հայր սուրբին»: Բայց հեռվից նկատելով, Իբրահիմ բեյը ձիով շեշտակի մոտենում, արմունկով հարվածում է Կոմիտասին. «Վարդապետը ցավից ջղաձգվեց, փռվեց գետնին, դույլը մի կողմ թռավ»: Հետո` «Կոմիտասը երկու ձեռքով դեմքը փակել, դողդողում էր»: Վերջապես, երբ հասնում է նաև աքսորականների ջրի հերթը, ընկերները մի փոշոտ տուփ են գտնում, հողով մաքրում, առաջինը Կոմիտասին են ջուր հրամցնում: Բայց… նա ժանգոտ տուփը շուրթերին տանում ու նողկանքով ետ է մղում: Չի կարողանում խմել. «Դրանից հետո ամբողջ կյանքում ջուր խմելիս սարսռում, սարսափից փակում էր աչքերը»:

Սեղբոս Ակնունին չէր հեռանում Կոմիտասից, միշտ ու ամենուրեք նրա հետ էր` Պոլսի թուրքական զինվորական հիվանդանոցից մինչև Փարիզի ապաքինարանները: Ճիշտ է, կար Խնամատար հանձնախումբը, բայց ճշմարտությունն այն էր, որ «երբ Վիլ-Էվրարի ապաքինարանի երեք տարվա բուժումը արդյունք չտվեց, Վիեննա` Ֆրեյդի մոտ տանելն էլ չստացվեց», հանձնախումբը «վարդապետին Վիլ-Ժուիֆի համեմատաբար էժանագին ապաստարանը փոխադրեց ու նրա նկատմամբ կարծես իր պարտքը կատարած համարեց: Նախկին ուշադրությունը զլացավ»: Սեղբոսն էր դարձյալ, որ Կոմիտասին ամենից հաճախ էր այցելում, «Կոմիտասի դեմքը նրան տեսնելիս էր պայծառանում»: Ահա թե ինչու, ապաստարանի բժիշկներն ու խնամակալուհիները նրան հիվանդի հարազատը և նույնիսկ «ապօրինի զավակն» էին համարում, «նրա առջև էին իրենց հաշվետու զգում», իսկ Կոմիտասն ինքը` նրան իր «հոգեորդին» էր ընդունում:
Սեղբոսը վկան էր նաև Կոմիտասի կյանքի վերջին պահերի, որի հոգեբանական վերարտադրությունը պատումի գեղարվեստորեն հավաստի դրվագներից է: Ճակատագրական այդ օրը` «տասնութ տարվա մեջ առաջին անգամ» նա չի հիշում անավարտ թողած իր ձեռագրերը, Սեղբոսին խնդրում է պատուհանի մոտ տանել իրեն, քանզի քայլում էր «կաղալով, ցավին դժվարությամբ տոկալով», այնքան թույլ էր, որ նույնիսկ «գլուխը չէր կարողանում ուսերին պահել»:

Оставьте комментарий