Բառարանների տեսակները

Բառարանների տեսակները

Բառարանները բաժանվում են երկու մեծ խմբի՝ հանրագիտական և բանասիրական (լեզվաբանական)։

Հանրագիտական բառարանը պարունակում է անհրաժեշտ գիտելիքներ շրջապատող աշխարհի ու բնության, հասարակական կյանքի, գիտության ու մշակույթի, տնտեսության, տեխնիկայի, սպորտի ու նշանավոր մարդկանց վերաբերյալ, որոնք ընդգրկված են բառացանկերում։ Հանրագիտական բառարանները լինում են համընդհանուր և մասնաճյուղային։

Համընդհանուր հանրագիտական բառարաններ են անգլիական «Բրիտանիկա», ֆրանսիական «Լառուսը» և «Ռոբերը», «Խորհրդային մեծ հանրագիտարանը», 12-հատորանոց «Հայկական սովետական հանրագիտարանը», «Ինչ է, ով է» բառարանը, «Դպրոցական մեծ հանրագիտարանը»։

Մասնաճյուղային հանրագիտարաններից են «Բժշկական հանրագիտարանը», Հրաչյա Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանը», Էդուարդ Ջրբաշյանի և Մախչանյանի «Գրականագիտական տերմինների բառարանը», Պետրոսյանի «Հայերենագիտական բառարանը»։

Բանասիրական բառարաններում տրվում են բառերի ու դարձվածքների բացատրությունները, տարբեր լեզուներում դրանց իմաստային համապատասխանությունը, ուղղագրությունը, ուղղախոսությունը։ Բանասիրական բառարանները լինում են.

  1. բացատրական
  2. ստուգաբանական
  3. տեղանունների
  4. հոմանիշների
  5. հականիշների
  6. համանունների
  7. դարձվածաբանական
  8. թարգմանական
  9. օտար բառերի
  10. ուղղագրական

Բացատրական բառարաններում բացատրվում են լեզվի կամ մի քանի շրջանի մեջ մտնող բառերը։ Իմաստները առավելի կոնկրետ բացատրելու համար հաճախ բերվում են բնագրային օրինակներ, քերականական ու ոճական նշումներ։ Կան նաև օտար բառերի բացատրական բառարաններ, որոնցում ներկայացվում են գրական, խոսակցական լեզվում գործաղվող օտար բառերի բացատրությունները։

Ստուգաբանական բառարաններում տրվում են բառերի ծագումը, նրանց առնչակցությունը ցեղակից ու ոչ ցեղակից այլ լեզուների հետ։ Ստուգաբանական բառարան է Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը»։

Տեղանունների բառարաններում ծանոթացվում են աշխարհագրական տեղանունները, դրանց տարբերակները, երբեմն էլ՝ ստուգաբանությունները, հրամցվում են այդ անունով կոչվող վայրերը։

Հոմանիշների բառարաններում տրվում են բառերի իմաստային և նույն իմաստը ունեցող բառերը։ Իրար հոմանիշ բառերը միասին կազմում են հոմանշային շարք։ Հականիշների բառարաններում տրվում են բառերի իրար հակադիր իմաստ արտահայտող բառերը, իսկ համանունների բառարաններում՝ բառային, բառաքերականական, քերականական, լիակատար և մասնակի, բուն, նույնահունչ և նույնագիր բառերը։

Դարձվածաբանական բառարաններում արտացոլվում է լեզվի դարձվածքների հարստությունը։ Դարձվածաբանական բառարաններում տրվում են դարձվածքների բացատրությունները, տեղեկություններ դարձվածքների ծագման մասին։

Թարգմանական բառարանները լինում են՝ երկլեզվյան և բազմալեզվյան։

Թարգմանական բառարաններում բացատրվում են երկու և ավելի լեզուների բառերի ու դարձվածքների թարգմանական համապատասխանությունները, իմաստային ու ոճական համարժեքությունները։

Оставьте комментарий