Մխթարյան միաբանություն

Մխթարյան միաբանություն

Մխիթարյան միաբանությունը հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է: Հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1701 թ-ին, Կոստանդնուպոլսում: 1717 թ-ին միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ Ղազար կղզում. Մխիթարյան է կոչվել Սեբաստացու մահվանից հետո: 

Մխիթարյան (սկզբնական շրջանում՝ Անտոնյան) միաբանությունը 1703–16 թթ-ին գործել է Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, որը ենթակա էր Վենետիկի Հանրապետությանը: Միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական: 

Վատիկանի աջակցությունն ապահովելու նպատակով սկզբնական շրջանում թարգմանել ու հրատարակել են կաթոլիկական գրականություն: Զուգահեռաբար նախապատրաստել և տպագրել են հայագիտական աշխատություններ՝ հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, արժեքավոր բառգրքեր, դասագրքեր, գեղարվեստական գրականություն: 

1732 թ-ին Սբ Ղազարում միաբանները հիմնադրել են վարժարան, որի նպատակը միաբանության գործունեությունը շարունակող սերունդ պատրաստելն էր: Այնուհետև Մխիթարյան վարժարաններ են բացվել Պադուայում, Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում, Ախալցխայում և այլուր: 1992 թ-ից Վենետիկի Մխիթարյանների կրթահամալիր է գործում նաև Երևանում:

1772 թ-ին միաբանների մի խումբ կանոնադրության փոփոխման շուրջ առաջացած վեճի պատճառով թողել է Վենետիկը և 1773 թ-ին հաստատվել Տրիեստում, իսկ 1811 թ-ին տեղափոխվել է Վիեննա: Նույն թվականին Ավստրիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է նրանց կարգավիճակը. ստեղծվել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը: Նրանք իրենց գործունեությունն սկսել են կաթոլիկ կրոնաաստվածաբանական աշխատությունների հրատարակումով, սակայն աստիճանաբար սկսել են գրել հայագիտական, պատմագիտական, բանասիրական և լեզվաբանական երկեր:

Սբ Ղազարում Մխիթար Սեբաստացին սեփական գրադարանի հիմքի վրա ստեղծել է մատենադարան, որը հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով: Վենետիկի մատենադարանի ներկայիս ձեռագիր ֆոնդը 5 հզ. միավոր է, տպագիր ֆոնդը՝ շուրջ 100 հզ.: Հայտնի է նաև Վիեննայի մատենադարանը, որտեղ պահվում է շուրջ 2600 գրչագիր մատյան:

Մխիթարյան միաբանությունը հրատարակել է մեկ տասնյակից ավելի պարբերականներ։

2000 թ-ի հուլիսի 10–21-ը Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքում տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղերի միացյալ ընդհանուր ժողով. համատեղ որոշմամբ նրանք միավորվել և ստեղծել են Մխիթարյան միացյալ միաբանությունը, որի կենտրոնատեղին Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը:

Մխիթարյան միաբանության հիմնադրումից ի վեր Սբ Ղազար են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ և գիտնականներ: Հանրաճանաչ այցելուներից են բանաստեղծ Ջորջ Բայրոնը, գրողներ Վալտեր Սկոտը, Ստենդալը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ժորժ Սանդը, հայագետ, լեզվաբան Հայնրիխ Պետերմանը, կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը, դերասանուհի Էլեոնորա Դուզեն և ուրիշներ:

Միաբանության անդամները սերտորեն համագործակցում են ՀՀ գիտնականների հետ, մասնակցում հայագիտական գիտաժողովների:

Оставьте комментарий