Մխիթարյանների դերը հայ մշակույթում

Մխիթարյանների դերը հայ մշակույթում

Մխիթարյանների միաբանության ծառայությունը զգալի է եղել Վենետիկում և Վիեննայում:

Բացի Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և Վիեննայի վանքի վանական դպրոցներից, որոնք մեծամասնությամբ պատրաստել են հոգևորականներ, Մխիթարյանները ունեցել են նաև ուրիշ դպրոցներ, որոնք տեղակայվել են հայաշատ քաղաքներում:

Մխիթարյանները շատ կարևոր դեր են ունեցել հայ հին մատենագրության հավաքման և հրապարակման գործում: Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների վանքերում պահպանվել են 4000-ի չափ ձեռագրեր, տասնյակ հազարավոր հնագույն տպագրություններից մինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր։ Վենետիկի Մխիթարյանները հրատարակել են հին մատենագրության գրեթե բոլոր հայտնի դեմքերի`Եզնիկ Կողբացու, Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Ներսես Շնորհալու Կորյունի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Հովհան Մանդակունու, Ագաթանգեղոսի, Գրիգոր Նարեկացու, և այլոց երկերը։

Մխիթարյանները թարգմանել են հունա-հռոմեական դասական գրականության և արևմտաեվրոպական գրականության լավագույն նմուշները։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանները տպագրել են Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը», Պլատարքոսի «Զուգակշիռների» վեց հատորները, Քսենոփոնի «Կյուրոսի Խրատը», Կիկերոնի, Սենեկայի, Մարկոս Ավրիլիոսի, Վիրգիլիոսի երկերը,Սոֆոկլեսի ողբերգությունները, Եզովպոսի Առակները, Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Միլտոնի «Դրախտ կորուսյալը», Բայրոնի «Մանֆրեդը», Ռասինի, Կոռնելի ողբերգությունները և այլն։

Մխիթարյանների գրական-բանասիրական աշխատանքն ընդգրկում է հայ մշակույթի բոլոր ոլորտները՝ պատմագրություն, հնագրություն, աշխարհագրություն, մատենագրություն, լեզվաբանություն և այլն։

Оставьте комментарий