Հնագույն պատմության լուռ վկաները․․․

Հնագույն պատմության լուռ վկաները․․․

Արուճի տաճարը՝

Արուճի ս․ Գրիգոր տաճարը հայ ճարտարապետության ոսկեդարի ամենանշանավոր կառույցներից է։ Տաճարի առաջին ուսումնասիրողներից մեկը՝ վաստակաշատ Թորոս Թորամանյանը գրում է․ «Արուճի մեջ, բացի գմբեթից կանգուն է Գրիգոր Մամիկոնյանի ․․․ կանգնած եկեղեցին, որ մի գոհար է 7-րդ դարու մեջ։ ․․․ Արուճի եկեղեցին ոչ միայն իր մեծությամբ և բարձրությամբ նշանավոր է, այլ շինարարական տեսակետով ևս սքանչելի է»։

Ըստ շինարարական արձանագրության, տաճարի հիմնադրությունը տեղի է ունեցել Գրիգոր Մամիկոնյանի իշխանության անցնելու հաջորդ տարում՝ 662 թ․ մարտի 25-ին, որից հետո շինարարական աշխատանքները ավարտվել են 666 թ-ին, ինչպես նշում են պատմիչները (Սամվել Անեցի, Կիրակոս Գնաձակեցի)։ Հենց այդ ժամանակ էլ կատարվել են տաճարի օծումը Անաստաս Ակոռեցի կաթողիկոսի ձեռքով և Սուրհան-Դավթի մկրտություն։

Գմբեթավոր դահլիճի հորինվածքին բնորոշ է ներքին տարածության միասնականությունն ու ամբողջականությունը։ Այստեղ, ի տարբերություն բազիլիկ և կենտրոնագմբեթ կառույցների, չկան կողաին նավեր, մույթեր և սյուներ։

Արուճի տաճարը իր չափերով վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է։ Այն, անգամ այժմ, երբ բացակայում է բարձրադիր գմբեթը, գերիշխում է Արուճ գյուղի և նրա շրջակայքի ընդարձակ համայնապատկերի վրա։ Շինությունը կառուցված է կարմրավուն և սև տեղական սրբատաշ տուֆ քարով։ Տաճարի վրա մեծ թիվ են կազմում վարպետների նշանները։ Ներքուստ՝ լայնածավալ ավագ խորանի երկու կողմերում գտնվում են երկուական պատուհաններով լուսավորված զույգ ավանդատներ, իսկ նրանց վերևում կան, այսպես կոչված, թաքստեցներ։ Տպավորիչ է հատկապես կառույցի կուռ ներքին տարածությունը։ Այն Ա․ Յակոբսոնի պատկերավոր արտահայտությամբ․ «զարմացնում է ամեն մեկին, ով անցել է նրա (տաճարի) շեմքից»։

Արուճում բազմազան են պատուհանների պսակների զարդաքանդակները։ Դրանք սովորաբար նման են VII դարի երկրորդ կեսի եկեղեցիների և Զվարթնոցի տաճարի պատուհանների պսակների զարդաքանդակներին։ Պետք է նշել, որ պատուհանները (ուստի և նրանց պսակները) Արուճի տաճարի արտաքին տեսքի և հարդարանքի կազմակերպման գլխավոր գործոններից մեկն են հանդիսանում, մանավանդ որ պատուհաններն այստեղ շատ ընդարձակ են և բավական մեծ թիվ են կազմում։ Տաճարի ճակատներից ամենահանդիսավորը արևելյանն է։

Այպիսով, լինելով ժամանակի ճարտարապետական պահանջները կրող, Արուճի տաճարը հանդիսանում է Պտղնիի հորինվածքի կառուցվածքային և ներքին ու արտաքին հարդարանքի նուրույթներով հարստացած տարբերակը։ Եվ եթե գմբեթավոր դահլիճների տիպի առաջացումը հայ ճարտարապետության զարգացման արդյունքներից մեկն է՝ նրա դասական շրջանում, ապա Արուճի տաճարը այդ տիպի առավել կատարելագործված օրինակներից է հայ ճարտարապետության մեջ։

Իր բազմադարյան գոյության ընթացքում Արուճի տաճարը բազմաթիվ երկրաշարժեր ու զանազան ավերածությունները է տարել, որոնք, իհարկե, անհետևանք չեն անցել։ Երկրաշարժի զոհ է դարձել տաճարի հսկայական գմբեթը։ Մինչև օրս շինության արևմտյան պատի հյուսիսային մասում երևում է առաստաղից մինչև գետին հասնող մի ճեղք, որը ևս երկրաշարժի հետևանք է։ Տաճաը բազմիցս նորոգումների է ենթարկվել։ Առաջինը կատարվել է 973 թվականին ոմն Գորամի կողմից։ Միջնադարում տաճարի հաջորդ վերանորոգումը կատարել է Խաչատուր վարդավետը XV դարի սկզբներին։

XIX դարում, ինչպես և մինչև մեր դարի կեսերը, տաճարը բավական ավերակ վիճակում էր։ Բացի գմբեթի բացակայությունից, տեղ-տեղ կիսաքանդ վիճակում էին հարավային պատն ու ծածկը, փակված էին դռներն ու լուսամուտների մի մասը։ Բացի քար ու կրից, տաճարի ներսը լցված է եղել գոմաղբի հաստ շերտով, որը կուսակվել էր տեղի մահմեդական բնակչության կողմից տևական ժամանակ եկեղեցին անասնագոմ դարձնելուհետևանքով։

Արուճի տաճարը հիմնավոր վերանորոգումների է ենթարկվել սովետական իշխանության տարիներին։

Պետական հոգատարության շնորհիվ այժմ Արուճի տաճարը իր գեղեցկությամբ, ձևերի ներդաշնակ միասնությամբ, վեհաշուք ներքին տարածությամբ դիտողին է ներկայացնում հայ միջնադարի շինարար ոգու հեռավոր արձագանքը, ստիպում ակնածել երբեմնիկ բազմահմուտ վարպետների ստեղծագործ աշխատանքին, որը ծնունդն է հենց ինքը՝ դարերից եկող ու դեպի դարերը գնացող այս տաճարը։

Պալատը՝

Արուճի հուշարձանախմբում նշանակալի տեղ են գրավում աշխարհիկ բնույթի կառույցները։ Դրանցից խոշորներն են բերդը, Գրիգոր իշխանի կառուցած պալատը, քարավանատունը։

Իշխանաշեն պալատը կառուցված է ս․ Գրիգոր տաճարի հարևանությամբ, նրա հարավային կողմում։ Այն հայ միջնադարյան ճարտարապետության փոքրաթիվ աշխարհիկ կառույցներից է և դեռ մեր դարասկզբին իր վրա էր հրավիրել ուսումնասիրողների ուշադրությունը։ Արուճի պալատը պեղելու մասին նշել է Ն․ Մառը՝ Անիի միջնաբերդի պալատի պեղումների կապակցությանբ։ Թ․ Թորամանյանը ևս մեծ հուսեր էր կապում Գրիգոր Մամիկոնյանի պալատի պեղումների իրագործման հետ։ Այդ առիթով նա գրում է․ «Չափազանց հեշտ և հետաքրքիր է այս ապարանքի պեղումը, որով միայն լիակատար գաղափար կունենանք 7-րդ դարու իշխանական ապարանքի մասին», կամ «անպայման այդ բլրի տակ պահված կլինեն շատ լուսաբանություններ հօգուտ հայ պատմության և գեղարվեստի»։»

Սակայն Թորամանյանին չվիճակվեց պեղված տեսնլ Արուճյան պալատը, որի մաքրման ապա և պեղման աշխատանքները Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեի ջանքերով սկսվեցին 1947 թվականից, լայն ծավալ ստացան 1950-52 թթ և պարբերաբար շարունակվեցին մինչև 70-ական թվականները։ 1953 թ․ պեղման աշխատանքների արդյուն քների մասին հանգամանալից հոդվածով հանդես է եկել Վարազդատ Հարությունյանը, որը ոչ միայն նկարագրել է բացված շինությունները, այլև արել է համապատասխան մկնաբանություններ ու եզրակացություններ։ Արուճի պալատին տարբեր առիթներով անդրադարձել են նաև այլ ուսումնասիրողներ։

Հայ ճարտարապետության մեջ վաղ միջնադարից հայտնի են վեց պալատական կառույցներ՝ Դվինի, Արշակունիների գահադահլիճը, կաթողիկոսարանի երկու դահլիճները, Զվարթնոցում Ներսես Շինող կաթողիկոսի կառուցած պալատը, Ավանի կաթողիկոսարանը, և Արուճի իշխանաշեն պալատը։ Ինչպես երևում է հատակագծերի համեմատությունից հորինվածքային մեծ նմանություն կա Դվինի և Արուճի պալատների միջև, որը վկայում է «որ Հայաստանում 5-7-րդ դարերում մշակվել են ոչ միայն եկեղեցական , այլև աշխարհիկ շենքերի որոշակի տիպեր»։

Պեղումների շնորհիվ Արուճի տաճարից հարավ և հարավ-արևելք բացվեցին առանձին-առանձին կանգնած երկու խոշոր շինությունների, ինչպես և մի մատուռի ավերակները։ Վ․ Հարությունյանը մեծ շինությւոնները պայմնականորեն կոչել է Առաջին դահլիճ և Աշխարհիկ շենք՝ սյունազարդ դահլիճով։ Քանի որ գրականության մեջ լայն կիրառություն է ստացել «Արուճի պալատ» արտահայտությունը, ապա մենք պալատ կկոչենքա Դվինի պալատի պալատին նմանվող սյունազարդ դահլիճով շենքը, իսկ առաջին դահլիճը՝ բազիլիկ կառույց, ելնելով վերջինիս ճարտարապետական հորինվածքից։

Բազիլիկ կառույցը՝

Բազիլիկ կառույցի ներսում, շուրջ երկու մետր բարձրությամբ պահպանվել են երկու շարքով տեղադրված չորս մույթեր։ Մույթերի հանդիպկաց պատերին կան որմնամյութեր, որոնք ինչպես և մույթերը բարձրանում են երիզավոր խարիսխների վրա։

Կառույցի հատակը կրկնակի սալահատակ է ունեցել։ Վ․ Հարությունյանը գրում է․ «Նախկին սալահատակի վրա հետագայում հետագայում ծածկել են երկրորդը։ Այդ պատճառով մույթերի և որմնամույթերի խարիսխները ծածկվել են նոր սալահատակով»։ Բազիլիկ կառույցը թաղակապ ծածկ է ունեցել։

Պեղումների շնորհիվ պարզվեց, որ ավելի ուշ շենքը հարմարացվել է պաշտպանական եղանակներով, որի համար հարավային և արևելյան պատերը դրսի կողմից ամրացվել են լրացուցիչ պատերով, իսկ արևելյան կողմի երկու անկյուններում պատրաստել են երկու բազմանիստ բուրգեր։ Պեեղման աշխատանքներն իրականացողներից Հ․ Եղիազարյանը գրում է․ «Դահլիճի ներսում կատարված պեղումները հաստատում են, որ այստեղ ուշ, գուցե 17-18-րդ դարերում․․․ նորից բնակություն է հաստատվել։ Հայտնաբերված մեծ քանակությամբ երկաթի հալոցքի մնացորդները, անասնաղբի շերտը, անասուններ կապելու համար անցքավոր մեծ քարերը, քարե մծ սանդը և այլ իրեր վկայում են, որ դահլիճի ներսում բացի բնակարից եղել են արհեստանոց և անասնագոմ»։

Բազիլիկ կառույցի այս համառոտ նկարագրությունից հետո պետք է որոշել նրա գործնական նշանակությունը, սկզբնապես ինչ է իրենից ներկայացրել այս շենքը։ Վ․ Հարությունըյանը բազիլիկ կառույցի ուսղումնասիրողներից առաջինը լինելով, հետևյալ միտքն է հայտնում․ «Պարզաբանման կարիք ունի այն հարցը, թե, այսպս կոչված, առաջին և սյունազարդ դահլիճները պատկանում են արդյոք միևնույն պալատական կոմպլեքսին, թե դրանք ներկայացնում են առանձին շենքերի մնացորդներ»։ Այնուհետև Վ․ Հարությունյանը գրում է․ «Դահլիճը, որի հատակագծի կոմպոզիցիան բազիլիկային է, գուցե մի պահ ենթադրել տա, որ այն եկեղեցի է եղել»։

Այպիսով, կարծում ենք, որ բազիլիկ կառույցի բուն նշանակության, ինչպես և կառուցման ճիշտ ժամանակի հարցն առայժմ բաց է, քանի որ շենքը լուրջ վերակառուցման է ենթարկվել և կրճատվել է արևելյան կողմից։ Չի բացառվում,որ կառույցը Արուճի վերակառուցված հին բազիլիկ եկեղեցին է։ Նման ենթադրության օգտին խոսող մյուս փաստարկներն հետևյալներն են․ կառույցի դիրքը համապատասխանում է քրիստոնեական եկեղեցիների դիրքին՝ ձգված է արևելքից արևմուտք, իսկ գլխավոր մուտքը արևմտյան կողմում է։ «Ամբողջ շենքը, ինչպես և եկեղեցին դրված է երկաստիճան գետնախարիսխի վրա»։ Վաղ միջնադարյան հայտնի պալատներում, ինչպես և հետագա դարերի աշխարհիկ կառույցների մեջ չունենք մեկ այլ օրինակ, որ աշխարհիկ նշանակության շենքը գետնախարիսխ ունենա։

Արուճում միաժամանակ կառուցված տաճարը և բուն պալատը կառուցված են զուգահեռաբար։ Հուշարձանախմբի հատակագծից երևում է, որ երկուսն էլ կառուցվել են նույն նախագշողի մտահղացմամբ և պալատի «կողմնորոշումն ամբողջովին թելադրվել է եկեղեցու տեղադրությամբ»։

Բերդը՝

Արուճի բերդը գտնվում է տաճարից և իշխանաշեն պալատից հարավ-արևմուտք, Աղբրի ձորի ձախ կողմում։ Բերդի հյուսիս-արևմտյան անկյունահատվածը, որը պայմանականորեն կանվանենք միջնաբերդ, բազմաթիվ վերակառուցումների է ենթարկվել և իր այժմյան տեսքն ստացել է XVI դարում, թուրք-պարսկական պատերազմների ժամանակ։ Ավելի ուշ, այն վեր է ածվել գյուղացիների կացարանի, այժմ կիսավեր է։ Հայտնի է նաև թուրք պատմիչներից մեկի հիշատակությունն այն մասին, որ 1514 թ․ Արուճում է եղել սուլթան Սելիմը։

Սակայն Արուճի բուն բերդը շատ ավելի հին ծագում ունի և ինչպես ցույց են տալիս փաստերը, գոյություն է ունեցել Գրիգոր Մամիկոնյանից էլ առաջ։ Արուճում աքունական զորքերի ձմեռանոց լինելու մասին Եղիշեի հաղորդած տեղեկությունից երևում է, որ Vդարում այստեղ ամրոց է եղել, որը գրավել է Վասակ մարզպանը։ Իսկ VII դարի 50-ական թվականներին որոշ ժամանակ Արուճում է կայանել արաբ Հաբիբ իբն Մասլաման, հանգամանք, որը ևս վկայում է տեղում ռազմաստրատեգիական հենակետի մասին։

Արուճի հին բերդի պեղումներն իրականացվել են 1980-81 թթ․ Երևանի պետական համալսարանի Հայագիտական կենտրոնի հնագիտական արշավախմբի կողմից՝ Բ․ Սադոյանի ղեկավարությամբ։

Պարսպի քարաշարքերի հորիզոնական կարանների եզրակոսները և բուրգերի ձևը անառկելիորեն վկայում են, որ բերդը կառուցվել են վաղ միջնադարում՝ դատելով Եղիշեի հիշատակությունից՝ Արշակունիների օրոք։

Պեղումների շնորհիվ հանվել են զանազան կառույցների սրբատաշ քարեր, սյան խարիսխ։ Հայտնաբերվել է նաև խեցեղեն։

Արուճի բերդի վերակառուցումների մասին կարելի է պատկերացում կազմել պարիսպների տարբեր հատվածների շինարարական տեխնիկայի տարբերությամբ։

Հին բերդի հյուսիս արևմտյան մասը կամ միջնաբերդը խոշոր վերակառուցման է ենթարկվել պարսիկների (գուցե և թուրքերի) կողմից՝ XVI դարում։ Այդ ժամանակ շարված պաարսպապատերը ակնհայտորեն տարբերվում են նախորդ շրջանների պատերից։ Վերակառուցողները երբեմն օգտագործելով Բագրատունյաց շրջանի պարիսպները, հին բերդապատի հիմքի վրա կառուցել են նոր պատեր ու բուրգեր։ Հատկապես լավ են պահպանվել միջնաբերդի հարավ-արևելյան և հարավ-արևմտյան անկյուններում եղած երկու բուրգերը։ Միակ կամարակապ մուտքը արևելյան կողմից է։

Այժմյան դրությամբ միջնաբերդը ներքուստ ունի մի ընդարձակ բակ, իսկ հյուսիսային և արևելյան պատերին կից տարբեր չափերի կիսավեր սենյակներ կան։

Պետք է ենթադրել, որ միջնաբերդի դիրքի ընտրությունը պայմանավորված է եղել ոչ միայն ձորեզերքի այդ մասի դժվարամատչելի լինելու հանգամանքով, այլև հին բերդի այդ հատվածի ունեցած կարևորությամբ։ Չի բացառվում, որ այն լրացուցիչ կառուցապատման է ենթարկվել Գրիգոր Մամիկոնյանի ժամանակ։

Արուճի միջնաբերդի հարավ-արևմտյան ուղղությամբ, ձորի հանդիպակաց կողմում գտնվում է բնակավայրի հիմնական աղբյուրը։ Միջնաբերդից դեպի աղբյուր տանող ստորգետնյա ուղին, որը հնում օգտագործվել է պաշարումների ժամանակ, մինչև մեր դարի 30-ական թվականները անցանելի էր, այժմ փլուզված է։

Արուճի բերդի հետագա պեղումները, հատկապես միջնաբերդի ստորին շերտերի հետազոտումը, կարող է շատ արդյունավետ լինել ոչ միայն Արուճի պատմության, այլև հայ վաղ միջնադարյան բերդաշինության ուսումնասիրության առիթով։

Քարավանատունը՝

Արուճի քարավանատունը արևելքից Դվինի վրայով՝ Անի, Կարս և Սև ծով դուրս եկող առևտրական ճանապարհի Դվին — Անի հատվածում գտնվող օղակներից մեկն էր։ Արուճի միջնադարյան քարավանատունը կատարել է ոչ միայն սովորական հյուրանոց-իջևանատուն, այլև վաճառանոցի՝ շուկայի դեր։

Արուճի քարավանատունը կառուցված է սրբատաշ տուֆ քարից։ Այն պատկանում է միադահլիճ եռանով շինությունների թվին և շատ ընդհանուր կողմեր ունի միջնադարյան հայկաան այլ քարավատների հետ։ Ներսում ունեցել է վեց զույգ մույթեր, իսկ լայնական պատերն ունեցել են նաև որմնամույթեր։ Դահլիճի ծածկն են կազմել երեք գլանաձև թաղերը՝ տեղավորված ընդհանուր երկթեք տանիքի տակ։ Այճմ պահպանվել է միայն շենքի հյուսիս-արևելյան անկյունամասը, կողային նավի՝ կամարներով իրար միացած երեք մույթերով և արտաքին պատի երկու կիսա՛րջան բուրգերով։ Կառույցի մնացած մասերը հիմնովին ավերված են և միայն պեղումների շնորհիվ է հնարավոր եղել վերականգնել նրա հատակագիծը, անգամ մուտքի գտնվելու տեղը որոշվել է ենթադրաբար։ Պետք է կարծել, որ հուշարձանը մեծապես ավերվել է XIX դարում և մեր դարասկզբին։ Անգլիացի ճանապարհորդ, հնագետ և նկարիչ Ռոբերտ Կեր Փորտրը 1817թ․ Անիից Էջմիածին գնալու ճանապարհին տեսնելով Արուճի քարավանատունը այն անվանում է մեծ քարավանատուն։ Նրա այցելության ժամանակ շինության պատերը թեր խարխլված ու կիսաքանդ, բայց հավանաբար ողջ երկայնքով կագուն են եղել։ Արուճի ավերակները նշելուց հետո Կեր Փորտրը գրում է․ «Մի քիչ հեռու տեսանք մի մեծ քարավանսարայի ավերակները, լեռնից իջնող մի վտակի կողքին, և նրա փլած պատերի միջից նկատեցինք, որ մի քանի կիսաքաղց թշվառներ սողոսկում էին դեպի վեր»։

Արուճի քարավանատունը, ինչպես և այդ շրջանի նույնանման այլ հոշարձաններ, պաշտպանական նկատառումներով լուսամուտներ չի ունեցել։ Նույն նպատակով էլ այն ուներ ընդամենը մեկ դուռ՝ հյուսիսային կողմում։ Իսկ «Քարավանատան անկյուններում և երկայնքի պատերի մեջտեղում գտնվող հատակագծում կիսաշրջան բուրգերը ողջ կառույցին հաղորդում էին ամրոցի տեսք»։ Դրա հետ մեկտեղ շինությունը բավական տարորինակ է։ Դահլիճի ներքին չափերն են՝ 28,25X15 մ։ Այստեղ կարող էին հանգրվանել, իսկ անհրաժեշտության դեպքում պատսպարվել հարյուրավոր մարդիկ և անգամ անասուններ, սայլեր և այլն։

Հուշարձանի պահպանված մասի թաղը ավերվել էր 1954 թ․։ Նրա վերանորոգումը իրականացվել է 1956-1957 թթ․։

Միջնադարյան այլ հուշարձաններ (քառակող կոթողներ, խաչքարեր, հնձաններ)՝

Խոշոր հուշարձաններից բացի, Արուճում պահպանվել են մի շարք այլ պատմական հուշարձաններ՝ վաղ միջնադարյան քառակող կոթողներ, X-XIII դարերին վերաբերող խաչքարեր, հնձաններ։

Հայտնի է, որ միջնադարյան հայ արվեստում քարե քառակող կոթողները նախորդել են խաչքարերին։ Արագածետն գավառում և մասնավորապես Թալինում մեծ թվով հետաքրքիր բարձրաքանդակներով կոթողներ են պահպանվել։ Լ․ Ազարյանը դրանց կանգնեցման ժամանակն է համարում IV-V դարերը, քանի որ կոթող հուշասյուները «կառուցվել են որպես Հայաստանում քրիստոնեական հավատը հաստատվելու փաստի հավերժացում»։

Արուճում խաչքարեր և խաչքարերի բեկորներ են պահպանվել տաճարի շրջակայքում, բնակավայրի տարբեր մասերում, այգիներում, ձորորի ափերին։ Կոտրված խաչքարերի հատվածներ են օգտագործված XIX դարում գյուղի կենտրոնում կառուցված եկեղեցու պատի շարվածքում։ Արուճի խաչքարերը հիմականում զարդարված են երկրաչափական-գծային և բուսական մոտիվներով կազմված համամասնություններով։ Դրանք հայկական խաչքարերի X-XII դարերի ոճն ունեն։

Արուճի խաչքարերը հիմնականում միջին չափի են, բացառությամբ Վանքաձորի ձախ ափից մի փոքր ետ հայտնաբերված (այժմ կանգնեցաված) մի խաչքարից, որն աչքի է ընկնում իր բավական մեծ չափերով։ Կարմրավուն տուֆից պատրաստված այդ հսկան ունի 3,05 մ բարձրություն և 1,20 մ լայնություն (առանց պատվանդանի)։ Ուշագրավ է, որ խաչքարի եզրերը պսակսող զարդաքանդակը արված է դեկորատիվ քանդակի հին (VII դ․) ավանդներով։

Արուճի միջնադարյան հուշարձաններից են նաև այգիներում եղած հնձանները։ Հնձանների շինարարությունը պայմնավորված է գինեգործության զարգացումով, քանի որ դրանք նախատեսված էին խաղողը ճզմելու և հյութը զատելու համար։ Ցավոք Արուճի այգիներում գտվող հնձաններից ոչ մեկն ամբողջական չի պահպանվել։ Պատճառներից մեկն այն է, որ դրանց սրբատաշ քարերը դեռ XIX դարի վրջերից սկսած օգտագործվել են գյուղացիների կողմից, որպես պատրաստի շինանյութ։ Հայտնի են միայն այգիներում գտնվող հնձանների տեղերը, որոնք սակայ 1970-ական թվականներին քարամաքրման և հարթեցմնա աշխատանքներից հետո իսպառ անհետացել են։ Այժմ գյուղի հին տներից շատերի պատերին կարելի է տեսնել նախկին հնձանների խոշոր սրբատաշ քարերը, որոնց մի մասը երիզարդ ունի։

Բացի հնձաններից, Արուճի հին այգիներում տեղ-տեղ երևում էին փոքր տների ավերակներ։ Դրանք հավանաբար հնում, այգեգործական աշխատանքների եռուն շրջանում, այգեպանների և այգեգործների համար որպես ժամանակավոր կացարան են ծառայել։ Գյուղում հայտնաբերվել են նաև սննդամթերքի և գինու բազմաթիվ հին հորեր, որոնց մի մասն օգտագործվում է նաև այժմ։

***

Ընդհանուր գծերով այսպիսին է Արուճի պատմամշակութային հարուստ ժառանգությունը։ Արագածոտն գավառի այդ հնամենի բնակավայրը, անհիշելի ժամանակներից ի վեր, հայ ժողովրդի պատմությանը համաքայլ, կրելով բոլոր վերելքներն ու անկումները, այժմ ապրում է նոր, երջանիկ կյանքով։ Իսկ Արուճի հուշարձանախումբը ուսումնասիրությունների և պեղումների շնորհիվ մշտապես հարստանում է նորանոր հուշարձաններով, որոնք լուսաբանում են բնակավայրի բազմադարյան պատմության դրվագները։ Եվ եթե նկատի ունենանք, որ միջնադարյան պարսպապատ ավանի ներսում դեռ պեղումներ չեն արված, ապա կարելի է ասել, որ Արուճը հայ մշակույթի պատմությանը դեռ բազում նորություններ ունի մատուցելու։

Մեր Արուճը՝

Оставьте комментарий