Ազատագրական պայքարի գաղութահայ կենտրոններ

Ազատագրական պայքարի գաղութահայ կենտրոններ

  1. Հովսեփ Էմին
  2. Մովսես Սարաֆյան
  3. Հովսեփ Արղության
  4. Հովհաննես Լազարյան
  5. Շահամիր Շահամիրյան

Հովսեփ Էմին — Էմինը ծնվել է 1726 թ. Պարսկաստանի Համադան քաղաքում։ Այստեղից իր ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստան և հաստատվել Կալկաթայում։ Երիտասարդ Էմինը գիտեր Հայաստանի ծանր վիճակի մասին, տեսնում էր իր հայրենակիցների թշվառությունը, որը հատկապես ակնառու էր, երբ համեմատում էր եվրոպացիների բարվոք պայմանների հետ։ Նա ոգևորված էր Արցախի ու Սյունիքի ազատագրական պայքարներից։ Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին և զենքի ուժով ազատագրել հայրենիքը։ Հոր կամքին հակառակ, որն ուզում էր նրան վաճառական դարձնել, 1751 թ. մեկնում է Անգլիա և ընդունվում Վուլվիչի Թագավորական ռազմական ակադեմիա։ Այստեղ ծանոթանում է անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ և նրանց ներկայացնում իր գալու նպատակները։ Էմինին հաջողվում է նաև տեսակցել Անգլիայի վարչապետի հետ։ Սակայն նա համոզվում է, որ Հայաստանի ազատագրման իր գաղափարները չեն համընկնում Անգլիայի շահերին։ 1759 թ. Էմինը գալիս է Հայաստան։ Արևմտյան Հայաստանով ճանապարհորդելու ընթացքում զրույցի բռնվելով հայրենակիցների հետ` նա խոսում է հայրենիքի պատմության փառավոր դրվագների մասին։ Բերելով արևմտյան քրիստոնյաների օրինակը՝ կոչ է անում պայքարելու հանուն ազատության։ Ծանոթանալով իրավիճակին` Էմինը համոզվում է, որ օտար տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օժանդակությամբ։ Այս առումով նա հնարավոր դաշնակից էր համարում Ռուսաստանին կամ Վրաստանին։ Վերադառնալով Անգլիա՝ Էմինը ներկայանում է ռուսական դեսպանին։  Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Մ. Վորոնցովին ուղղված երաշխավորական նամակ՝ ճանապարհվում է Սանկտ Պետերբուրգ։ Էմինը Վորոնցովին ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, որն իրագործելու համար մտադիր էր դաշնակցել վրաց Հերակլ II թագավորի հետ։ Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II–ին ուղղված նամակով նրան ճանապարհում Վրաստան։ Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի ծրագրին։ Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ։ Էմինը և Հերակլ II–ը 1764 թ. խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում խանի մարդիկ ձերբակալում են նամակատարին։ Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցին, տեղեկանալով այդ մասին, կշտամբում է Հերակլ II–ին «անզգույշ քայլերի» համար, որոնք կարող էին առաջացնել պարսկական իշխանությունների վրեժխնդրությունը հայերի հանդեպ։ Ստիպված Հերակլը Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից։Մեկ տարի Հյուսիսային Կովկասում մնալուց հետո՝ 1766 թ., Էմինը վերադառնում է Հայաստան և հաստատվում Գետաշենում` Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ։ Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Էմինը լինում է նաև Շուշիում, ապա անցնում Գանձասար։ Այստեղ նրան տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցին հրամայել է չընդունել և չօժանդակել իրեն։ Համոզվելով, որ Արցախում ևս կատարում են կաթողիկոսի այդ հրամանը՝ Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան։ Սակայն լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են տասնութ հազար զինվոր տրամադրել իրեն՝ Էմինը ճանապարհվում է Խոյ։ Չունենալով պահանջվող գումարը` նա չի կարողանում զորք վարձել։ Այսքանից հետո նա 1770 թ. վերադառնում է Հնդկաստան։ Մահացել է 1809 թ.-ին ու թաղվել է Կալկաթայում։

Մովսես Սարաֆյան — Պարսկաստանում և Թուրքիայում զբաղվել է վաճառականությամբ։ 1760-ական թվականների սկզբին հաստատվել է Աստրախանում, 1763 թվականին ստացել ռուսական կառավարության հատուկ հրամանագիր, որով նրան տրամադրվում էր հող և 10 հազար ռուբլի գումար՝ Աստրախանի նահանգում մետաքսի ձեռնարկություն հիմնելու համար, ինչպես նաև Կասպից ծովում նավեր կառուցելու արտոնություն։ 1769 թվականի հունիսի 8-ին (1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ) Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիային ներկայացրել է Հայաստանի ազատագրման և անկախության վերականգնման իր ծրագիրը, որին նախօրոք հավանություն էին տվել ռուսահայ նշանավոր գործիչները։ Ըստ այդ ծրագրի, Թուրքիայի դեմ պատերազմի պետք է հանվեին վրացական երկու թագավորները՝ Հերակլը և Սողոմոնը, Վրաստան ուղարկվեր ռուսական բանակային կորպուս, ինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերից և վրացիներից կազմված կամավորական ջոկատ՝ հայ հրամանատարի գլխավորությամբ։ Նրանց միանալու էին նաև Ղարաբաղի մելիքները։ Ռուսական-վրացական-հայկական միացյալ ուժերը նախ պետք է պարսիկներից ազատագրեին Երևանը, ապա երկու զորախմբերով հարձակվեին Ախալցխա-Կարս և Բայազետ-Վան ուղղություններով, դրանք գրավելուց և ուժերը միավորելուց հետո ռազմական գործողությունները շարունակեին մինչև Արևմտյան Հայաստանի լիակատար ազատագրումը։ Պատերազմի հաջող ավարտից հետո Ռուսաստանի հովանու ներքո պետք է վերականգնվեր հայկական պետականությունը և նշանավոր հայերից մեկը դառնար Հայաստանի թագավոր կամ իշխան։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվելիք հաշտության պայմանագրի հատուկ կետով հայերը համարվելու էին Ռուսական կայսրության հպատակներ, որը նրանց կապահովագրեր թուրք, վտանգից։ Ռուսաստանը և Հայաստանը, անհրաժեշտության դեպքում, հնարավոր բոլոր միջոցներով պետք է օգնեին միմյանց։ Սարաֆյանի ծրագիրը չի իրականացվել, որովհետև չէր համապատասխանում Ռուսաստանի այդ ժամանակաշրջանի արտաքին քաղաքական նպատակներին։

Հովսեփ Արղության — Ծնվել է 1863 թվականին Լոռվա աշխարհի Սանահին գյուղում։ Կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան Վարժարանում, որն ավարտել է 1884 թվին։ Ուսուցչական աշխատանք է տարել Ջալալօղլիի և Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1889 թվականին անցել է Արևմտյան Հայաստան, որտեղ հեղափոխական աշխատանքներ է կատարել համագործակցելով Արաբոյի հետ։ 1890 թվականին անցել է Տրապիզոն, սակայն մատնությամբ ձերբակալվել է, հանձնվել ցարական իշխանություններին և աքսորվել Քիշնև։ Աքսորից վերադառնալով՝ անցել է Թավրիզ, որտեղ հսկել ու կարգավորել է ՀՅԴ զինագործարանի աշխատանքները, կազմակերպել և ղեկավարել է Արևմտյան Հայաստան զինամթերքի տեղափոխման գործը, զինատար խմբով անձամբ հասել Վան։ 1897 թվականին մասնակցել է Խանասորի արշավանքին, որտեղ եղել է հրամանատարի` Խանասորա Վարդանի օգնականը։ Դրանից հետո Իրանյան իշխանությունները ձերբակալել են նրան, ու որպես ռուսահպատակի հանձնել ռուսական կառավարությանը։ Բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում, ապա աքսորվել Վոլոգդա որտեղ մնացել է մինչև 1903։ 1905-1906 թվականներին, կազմակերպել է հայերի ինքնապաշտպանությունը թաթար ջարդարարների դեմ։ 1916-1917 թվականներին, մասնակցել է Առաջին աշխարհամարտին, որտեղ կովկասյան ռազմաճակատում եղել հայկական կամավորական 7-րդ գնդի հրամանատար։ 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո եղել է Վիրահայոց ազգային խորհրդի նախագահ, ՀՀ խորհրդարանի անդամ, ապա՝ դեսպան Իրանում՝ 1919-1920 թվականներին։ Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1922 թվականին հաստատվել է Փարիզում որտեղ 3 տարի անց կնքել է իր մահկանացուն։

Հովհաննես Լազարյան — Հովհաննես Լազարյանը օգտագործել է ռուսական արքունիքի հետ ունեցած մերձավոր հարաբերությունները՝ իրագործելու Հայաստանի ազատագրումը։ Գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական ծրագրերի մշակմանը։ Կազմել և ռուսական կառավարությանն է ներկայացրել «Պրն. Իվան Լազարևի նոտան» ծրագիրը, որում դրել է Ռուսաստանի հովանու ներքո հայ պետականության վերականգնման հարցը։ Մեծ նշանակություն է տվել լուսավորությանը։ Հովհաննես Լազարյանի միջոցներով դպրոցներ են բացվել Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորիոպոլում, հիմնադրվել է Լազարյան ճեմարանը, ռուսական օրիորդաց դպրոց՝ Ցարսկոյե Սելոյում, կառուցվել են հայոց եկեղեցիներ Մոսկվայում ու Պետերբուրգում։ Լազարյանը կառուցել է նաև Կիզելի և Պոլազնինոյի մետալուրգիական գործարանները։ 1786 թվականին ավստրիական կայսր Իոսիֆ II-ից ստացել է բարոնի, 1788 թվականին՝ կոմսի տիտղոս։

Շահամիր Շահամիրյան

Շահամիրյանը «Որոգայթ փառաց» աշխատության հեղինակն է։ Հայ ժողովրդի մեջ ազատագրական գաղափարների տարածման, երիտասարդությանը հայրենի երկրի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու համար 1771 թվականին Մադրաս քաղաքում հիմնել է հայկական տպարան, որտեղ 1772 թվականին լույս է տեսնում Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» գիրքը։

1773 թվականին հրատարակվում է Որոգայթ փառաց գիրքը, որը օտար լծից ազատագրելուց հետո ստեղծվելիք ապագա հայկական պետության կառավարման համար նախատեսված օրենքների ժողովածու էր։ Ըստ Շահամիրյանի, հայոց ապագա պետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ «Հայոց տունը», պետք է կազմվեր ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներից։ Հայաստանում պետք է իշխեր օրենքը։ «Հայոց տունը» պարտավոր էր ստեղծել գործադիր իշխանություն (կառավարություն)։ Այդ նպատակով փոխանորդներից պետք է ընտրվեին տասներեք հոգի, որոնցից մեկը վիճակահանությամբ կարող էր դառնալ նախարար, իսկ մյուսները՝ նախարարի խորհրդակիցներ։ Նախարարը լինելու էր օրենքների առաջին կատարողը և զորքի գլխավոր հրամանատարը։ Հայաստանի բոլոր բնակավայրերը պետք է ունենային դպրոցներ։ «Որոգայթ փառաց» գիրքը սահմանադրական հանրապետություն ստեղծելու ծրագիր էր և հայ քաղաքական մտքի կարևոր նվաճումներից մեկը։

Շահամիր Շահամիրյանն ազգային-ազատագրական շարժման գործիչ է, հայ բուրժուալուսավորական գաղափարախոսության հիմնադիրը։ Նրա «Որոգայթ փառաց» (1773) երկը սահմանադրական հանրապետություն ստեղծելու առաջին ծրագիրն է աշխարհում։

Շահամիր Շահամիրյանը Հնդկաստան է գաղթել Նոր Ջուղայից և հաստատվել Մադրաս քաղաքում։ Նախ դերձակություն է արել, ապա զբաղվել առևտրով և մեծ հարստություն կուտակել։ Նրա հայացքների ու գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել Մադրասում հաստատված հայ ազատագրական ու լուսավորական գործիչ Մովսես Բաղրամյանը։ 18-րդ դարը նշանավորում է հայոց ազատագրական դարավոր պայքարի որոշ փայլուն դրվագներ՝ պայքարի նոր ձևերով, գաղափարաքաղաքական նոր հայեցակարգերով ու ծրագրերով։ Հայ քաղաքական մտքի որոնումների և գործնական դիրքորոշումների հստակեցման համար կարևոր նշանակություն ունեցան դարի 20-ականների Արցախի և Սյունիքի հայության ազատագրական հերոսամարտերը։

18-րդ դարում ի հայտ է գալիս քաղաքական նոր գործոն՝ հզորացող Ռուսաստանը իր հեռահար ռազմավարական նկրտումներով ու հավակնություններով։

Ռուսական գործոնի կարևորումն արտահայտվել է Իսրայել Օրու քաղաքական հայացքներում և գործնական քայլերում։ Նշված գործոնները վերաիմաստավորվում ու բյուրեղացվում են դարի երկրորդ կեսին՝ արտացոլվելով հայ քաղաքական գիտակցության մեջ և քաղաքական վերլուծության առարկա դառնում հատկապես Հովսեփ Էմինի, Մովսես Բաղրամյանի և Շահամիր Շահամիրյանի քաղաքական հայացքներում։

Շահամիրյանի իրավաքաղաքական համակարգում առկա է դեիստական փիլիսոփայության ազդեցությունը։ Աստված, ստեղծելով աշխարհն ու մարդուն և նրանց օժտելով աստվածային օրենքներով, այլևս անմիջականորեն չի միջամտում աշխարհի և հասարակության հետագա գոյության հարցերին։ Սակայն, այստեղից բնավ չի հետևում, որ ըստ քաղաքական մտածողի՝ հասարակության մեջ գործող կարգերն ու օրենքները պետք է համապատասխանեն բնական բնությանը և բանական բնությանը, որ հասարական ու պետական կյանքում գործող օրենքները պետք է հաշվի առնեն մարդու բանականությունը։ Նախ՝ աշխարհի և հասարակության գործերին չմիջամտելու դեիստական սկզբունքը բնավ չի նշանակում, որ Աստված առհասարակ դադարեցնում է հսկողությունը։ Երկրորդ՝ աշխարհի և մարդկանց գոյությունը ինքնաբավ, բացարձակ չէ, որովհետև գոյության օրենքները տրված են ի վերուստ, այսինքն՝ բնության օրենքները համընկնում են աստվածային օրենքների հետ։ Ուստի հասարակության մեջ գործող օրենքների համապատասխանությունը բնական բնությանը կամ բանական բնությանը իրականում նշանակում է համապատասխանեցնում աստվածային օրենքներին։

Այսպիսով, օրենքների՝ մարդու բնական բնությանն ու բանական բնությանը համապատասխանության մասին Շահամիրյանի պահանջը նշանակում է, որ դրական իրավունքի նորմերը պետք է բխեցվեն բնական, այսինքն՝ աստվածային իրավունքի սկզբունքներից։ Հակառակ պարագայում՝ ստեղծված օրենքները համարվում են հակաբնական և հակաբանական։

Հայաստանում ազատագրական պարտությունից հետո ազատագրական միտքը 18-րդ դարի երկրորդ կեսին հիմնավորվեց հայկական գաղթավայրերում։ Հայկական սփյուռքի գաղթավայրերից առավել ակտիվ էին Ռուսաստանինը և Հնդկաստանինը։ Ռուսական կայսրությունում հայերին նրանց հայրենիքի ազատագրման դատարկ հույսեր էին տալիս։ Ռուսաստանը նպատակ ուներ ճանապարհ հարթել դեպի միջերկրական ծով և Հնդկական օվկիանոս՝ այդ ճանապարհին գրավելով Հայաստանը։ Հնդկաստանում հաստատված հայերը զբաղվում էին տարանցիկ առևտրով և իրենց ձեռքում խոշոր կապիտալ էին կուտակել։ Երբ Հնդկաստանը դարձավ Անգլիայի գաղութը, տեղի հայերը սկսեցին խոշոր տնտեսական կորուստներ կրել՝ չդիմանալով անգլիացիների հետ տնտեսական մրցակցությանը։ Հայերի մոտ առաջացավ իրենց տնտեսական գործունեությունը անկախ Հայաստան տեղափոխելու գաղափարը։

Շահամիրյանը 1771 թվականին հիմնադրել է հայկական տպարան, որտեղ 1772 թվականին լույս է ընծայել հայ առաջին հրապարակախոսական գիրքը՝ Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի հորդորակ» աշխատությունը, ապա իր շարադրած «Որոգայթ փառաց» երկը՝ որդու՝ Հակոբի անունով։ Իսկ 1783 թվականին տպագրել է Մադրասի հայերի ինքնավարության, որի իրավունքն ինքն է ձեռք բերել, կանոնադրությունը՝ «Տետրակ որ կոչի նշավակ»։

Շահամիրյանը կապեր է հաստատել հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոնների հետ։ Ձգտել է շարժման մեջ ներգրավել վրաց Հերակլ II թագավորին՝ համարելով, որ հայ-վրացական ռազմական դաշինքն ամուր հենարան է Այսրկովկասը թուրք-պարսկական նվաճողներից ազատագրելու և պաշտպանելու համար։ Որպես հայ-վրացական դաշինքի խորհրդանշան՝ Շահամիրյանը Հերակլ II-ին ուղարկել է իր պատրաստած ոսկե շղթայով ու թանկարժեք քարերով ագուցված շքանշանը։ Հետագայում հասկանալով, որ հայ-վրացական ուժերը, առանց Ռուսաստանի ռազմաքաղաքական օգնության, անկարող են ազատագրել և ապահովել Հայաստանի ու Վրաստանի տևական անկախությունը, կապեր է հաստատել ռուսական արքունիքի, ինչպես նաև հայ ազատագրական շարժման գործիչներ Հովսեփ Արղությանի, Հովհաննես Լազարյանի և ուրիշների հետ։ 1780-ական թվականներին, երբ ռուսական արքունիքը ծրագրում էր արշավել Այսրկովկաս, Շահամիրյանը Ռուսաստանի և ապագա հայկական պետության հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանում ստեղծվելիք կարգերի մասին դաշնագրի նախագիծ է ներկայացրել արքունիք, ըստ որի՝ ազատագրվող Հայաստանում պետք է հաստատվեին հանրապետական կարգեր։

Оставьте комментарий