Էկոլոգիական հիմնախնդիրներ

Էկոլոգիական հիմնախնդիրներ

Մեր հասարակությունը լրջորեն չի գիտակցում էկոլոգիական խնդիրները, քանի որ կարծես չի առերեսվել դրա հետ։ Մեր գիտակցության մեջ առաջնահերթ են սոցիալ-տնտեսական խնդիրները, իսկ էկոլոգիականը կարծես չենք էլ գիտակցում: Հավանաբար մեր հասարակությունը դեռ զարգացման այն փուլին չի հասել, որ գիտակցի, թե առկա կենսապայմաններին հասնելու համար ինչ վնաս ենք տվել շրջակա միջավայրին և մեր առողջությանը: Մարդը գոյատևում և ապահովում է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մարդահարույց վնասները։ Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ է ընդունել, որ խախտվել է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը (վերջին 30 տարվա ընթացքում բնությունից կորզվել և օգտագործվել է այնքան նյութական պաշար, որքան նախորդ 5000 տարվա ընթացքում)։

Մարդու գործունեության տևական և ակտիվ ներգործության հետևանքով տեղի է ունենում բնական միջավայրի աղքատացում և որակազրկում, բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակներ հայտնվել են անհետացման եզրին։ Այդ երևույթը հատկապես կործանարար ազդեցություն է թողնում տարածման նեղ արեալ ունեցող կենդանատեսակների վրա։ Ներկայումս վտանգավոր սահմանագծի է հասել Արաքսի հովտի եզակի, խիստ յուրահատուկ սողունաշխարհը ։ Սևանի ավազանից գրեթե անհետացել է խայտաբղետ մողեսի ենթատեսակի բնաշխարհիկ պոպուլացիան, որը միակն է Կովկասի բարձրադիր վայրերում։ Նույն վիճակում է նաև փոքրասիական մողեսը։

Վերջին 50 տարիների ընթացքում կիսաանապատային և տափաստանային տարածքների ակտիվ յուրացման հետևանքով իրենց բնադրավայրերից դուրս են մղվել զանազան թռչուններ, մեծ, փոքր և գեղանի արոսները, սևափոր դռլոնը, կանաչ մեղվակերը։ Տեղի է ունեցել ջրաճահճային էկոհամակարգերի ոչնչացում։ Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով մերկացել են առափնյա ժայռերն ու մերձափնյա հատվածը, չորացել շրջակա ճահճուտները, վերացել են Սևանի իշխանի ձվադրավայրերի հիմնական մասը, բազմաթիվ ջրլող ու չվող թռչունների, կաթնասունների տեսակները։ Սևանա և Արփի լճերն անփոխարինելի դեր ունեն ոչ միայն հանրապետության ճահճային թռչունների պահպանության, այլև հարևան երկրների ջրային ավազանների հետ օրգանական կապի պահպանման առումով, որով ապահովվում է հանրապետության տարածքում 145 տեսակ ջրլող և առափնյա թռչնատեսակների գոյությունը։

Անտառների անկանոն հատումների պատճառով շատ կաթնասուններ  լքել են իրենց բնական կենսավայրերը։Հայաստանում անտառները պետական սեփականության են, և պետությունն է ապահովում անտառների պահպանությունը, օգտագործումը, վերականգնումն ու նոր անտառային տարածքների ստեղծումը։ Օրենքով անտառհատում թույլատրվում է միայն անտառվերականգնման, սանիտարական և խնամքի նպատակներով։Անտառների ոչ ճիշտ շահագործման հետևանքով արագանում ու խորանում են հողերի էրոզիան, անտառային գետերի ու ջրամբարների տղմակալումն ու «ծաղկումը», խախտվում անտառի ջրագրական ռեժիմը։ Անտառային հողերում ջրի պակասի պատճառով տեղի են ունենում առավել խոնավասեր խոտան ծառատեսակների քանակական ու որակական փոփոխություններ։

Հայաստանում մեծ մասշտաբների է հասել նաև արդյունաբերական բնօգտագործումը։ 1920-ականների 2 տասնյակ փոքր ու միջին ձեռնարկությունների փոխարեն ներկայումս ավելի քան 200 բնակավայրում կան արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք տեղադրված են մինչև 2000-2100 մ բարձրության լանդշաֆտային տարածքներում։ Բնական պաշարների օգտագործումն ու դրանից ստացվող համախառն արտադրանքն աճել են հարյուրապատիկ՝ հիմնականում էքստենսիվ զարգացման ու բնական պաշարների անխնա շահագործման հաշվին, իսկ էկոլոգիական խնդիրները չեն կարևորվել։ Հետևանքը եղել է այն, որ օտարվել են նոր հողատարածքներ, դեգրադացվել բնական լանդշաֆտներ, աղտոտվել են հողերը, օդային և ջրային ավազանները։Աղտոտված են նաև օդային ու ջրային ավազանները։ Կան ջրավազաններ, որոնց ջրային բուսական ու կենդանական աշխարհները խիստ աղքատացել են գետը թափվող արդյունաբերական ջրերից։ Իրենց բացասական ազդեցությամբ աչքի են ընկնում արդյունաբերության հատկապես մետաղաձուլական և քիմիական ճյուղերը։ Չնայած վերջին շրջանում դրանց ծավալները զգալիորեն նվազել են, սակայն երկրի լանդշաֆտներին ու կենսաբազմազանությանը հասցրած վնասը զգալի է։

Գնալով ավելանում է տրանսպորտի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ավելի քան 850 կմ երկաթուղային ու 13 հզ. ավտոմոբիլային ճանապարհներին ամբողջովին ոչնչացվել են բնական կենսահամակարգերը։ Ճանապարհային շինարարությունն այսօր սպառնում է նաև հատուկ պահպանվող տարածքներին։ Մյուս կողմից՝ ճանապարհներին մերձակա սանիտարական գոտում կենսաբազմազանությունն աճում է, կատարվում են ծառատնկումներ ու կանաչապատումներ։

Բնական միջավայրի վրա ազդող հզոր գործոն է էներգետիկան, որի արդյունաբերական արտանետումներում մեծ է ջէկերի բաժինը։

Բնաշխարհին զգալի վնաս են հասցնում նաև անկազմակերպ զբոսաշրջությունը, բուսական պաշարների չկարգավորված հավաքն ու օգտագործումը, որոնց հետևանքով զանգվածաբար ոչնչանում են բուսական ու կենդանական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, շրջակա միջավայրն աղտոտվում է կենցաղային աղբով և այլն։ Այս խնդիրների լուծման ամենաարդյունավետ եղանակներից մեկը բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության բարելավումն է։

Երկրում բնապահպանական խնդիրները լուծելու, կենսաբազմազանության պահպանության ու կենսապաշարների խելամիտ օգտագործման նպատակով մշակվում է նաև ՀՀ կենսաբազմազանության պահպանության ռազմավարություն։ Այն խիստ բազմակողմանի ու ծավալուն փաստաթուղթ է, որը ներառում է ինչպես բնաշխարհի վրա մարդահարույց վնասակար գործոնների նվազեցման, էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների ներդրման, էկոլոգիական կրթության ու գիտության զարգացման, հատուկ պահպանվող տարածքների ցանցի ընդլայնման, այնպես էլ այդ ոլորտի օրենսդրական դաշտի հետագա ամբողջացման ու կատարելագործման հարցեր։

Սիրե՛ք, խնամե՛ք և յուրաքանչյուրդ ձեր հերթին նպաստեք բնության զարգացմանը։

Էկոլոգիական հիմնախնդիրներ: 3 комментария

Оставьте комментарий