Մեսրոպ Մաշտոցը և գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցը և գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թվականին Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Նա կրթությունն ստացել է նախ Տարոնում, ապա Անտիոքում և վերջապես Էջմիածնում` Ներսես Մեծ վեհափառի մոտ: Տիրապետել է հունարենին, ասորերենին և պարսկերենին: Մաշտոցը խորանում է քրիստոնեական հավատի մեջ, ուսումասիրում է «Աստվածաշունչ»-ը:

Սահակ Պարթևը և Մեսրոպ մաշտոցը միասին հղանում են հայ ժողովրդի համար այբուբեն ստեղծելու գաղափարը: Այդ կապակցությամբ Վաղարշապատում ժողով են գումարում, որին մասնակցում են հայոց եպիսկոպոսները: Բոլորը միաբերան ողջունում են հայոց այբուբեն ունենալու պահանջը: Ժողովի նպատակների մասին նրանք պատմում են հայոց Վռամշապուհ արքային: Մաշտոցը մի խումբ աշակերտների հետ մեկնում է Միջագետք, հանդիպում Դանիել եպիսկոպոսին և, նախկինից ավելի բան չգտնելով, անցնում Ասորիք, լինում Եդեսիա, Սամոսատ և Ամիդ քաղաքներում, հանդիպում ժամանակի գիտուն մարդկանց: Եդեսիայում նա ստեղծում է հայոց այբուբենը։ Գրերն ստեղծելուց հետո նա դրանք «նշանակեց, անվանեց ու դասավորեց». նշանակեց` գրեց-գծագրեց, տառանշանի վերածեց, անվանեց` անուն դրեց` Այբ, Բեն, Գիմ …, դասավորեց` որոշեց տառերի շարային հերթականությունը:Նա հայոց տառերը տեսնում է հոգու աչքերով, տեսիլքի մեջ. «Եվ աղոթքից վեր կենալով` ստեղծեց մեր նշանագրերը»: Տառերն ստեղծելուց անմիջապես հետո աշակերտների հետ Մաշտոցն սկսում է թարգմանել «Աստվածաշունչ»-ը: Նախ թարգմանում է Սողոմոնի առակները. ծնվում է հայերեն առաջին նախադասությունը. «Ճանաչել զի­ մաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…»:

Մայրաքաղաք Վաղարշապատի մատույցներում Մաշտոցին դիմավորում են հայոց արքան, նախարարներ և եպիսկոպոսներ: Այդ օրը մեծ տոն էր հայոց երկրում: Գիրը դառնում է գրավոր հիշողություն և նոր կյանք հաղորդում հայ ժողովրդին: Հայոց լեզվով Մաշտոցը նաև քարոզչություն է անում ժողովրդի մեջ` դուրս մղելով օտար և անհասկանալի լեզուները:Մաշտոցի այս առաքելությունը նպատակ ուներ գրով, կրթությամբ և քարոզչությամբ պահպանելու հայության այն հատվածը, որ Հայաստանի 387 թվականի բաժանումից հետո հայտնվել էր Բյուզանդիայի գերիշխանության ներքո: Մաշտոցն այսպիսով դառնում է տարածաշրջանի ամենանշանավոր կրթական և քրիստոնեական գործիչը, ով արժանի փառքի է հասնում ոչ միայն Հայաստանում, այլև Բյուզանդիայում, Աղվանքում, Վրաստանում:

Հայոց գրերի ստեղծումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ պատմական շատ մեծ նշանակություն: Մաշտոցյան գրերից հետո ծաղկեց ամբողջ հայ մշակույթը, կրթական գործը, մատենագրությունը, նոր թափ ստացավ հոգևոր գործը: Գրերի գյուտով ամրապնդվեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունը: