Սև լիճ

Սև լիճ

Սև լիճը բնական ավազան է, որը գտնվում է  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության սահմանագլխին՝ Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին՝ 2658 մ բարձրության վրա։ Անհոսք քաղցրահամ լիճ է։

Մակերեսը մոտ 2 կմ² է, երկարությունը՝ 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը՝ ավելի քան 9 միլիոն մ³։ Ջուրը վճիտ է, սառնորակ։ Լճում բուծում են իշխան ձուկ։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։ Լճից անմիջապես արևելք գտվում է ավելի փոքր Ջանլիճ կոչվող լճակը։

Գոյություն ունի անվան ծագման երկու ավանդույթ․

  • Ըստ ավանդույթի ժամանակին քառասուն գլխանի մի վիշապ է եղել, խմել է այս լճի ջրի կեսը, հետո պառկել, որ հանգստանա, մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի։ Աստծու հրամանով՝ սարերը մոտեցել են, վերցրել այդ լիճը, բարձրացել, հասցրել են մինչև երկինք, ազատելով վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ ջուր խմելու, ծարավել է, ճաքճքել, տրաքել, ցրիվ եկել չորս կողմը։
  • Այստեղ ապրում են ջրի խոզեր, շներ, ձիեր և մեծ ձկներ։ Սև լճում ապրում է նաև մի գեղեցիկ աղջիկ։ Երբ արև է լինում նա դուրս է գալիս ջրի երեսը և խաղում է ալիքների հետ։ Այս աղջիկն է, որ կպչելով լճի մեջ ընկած կենդանու ոտից, չի թողնում, որ նա դուրս գա ջրից։