ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ և բույսեր

ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ և բույսեր

Թավշաոտ բվիկ՝

Թավշաոտ բվիկ

Բվերի ընտանիքին պատկանող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Սովորական սարյակից քիչ մեծ թռչուն է, մատերը փետրավորված են մինչև մագիլների հիմքը։ Չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը՝ դեպի ետ։ Ականջանման փետուրները բացակայում են, դիմային սկավառակը կլոր է։ Մեջքի մասը գորշագույն է։ Գլխի և մեջքի վրա ունի սպիտակ պտեր։ Որովայնը բաց գույնի է՝ գորշագույն բծիկներով։ Աչքերը և կտուցը դեղին են։ Էգերի քաշը 177-197 գ է, իսկ թևերի բացվածքը՝ 59-62 սմ։ Արուների քաշը 116 գ է, իսկ թևերի բացվածքը՝ 55 սմ։

Հայաստանում համարվում է հազվագյուտ նստակյաց թռչուն, հանդիպում է խառը և փշատերև անտառներում։ Թռիչքը արագ է՝ ալիքաթև գծով։ Զոհին որսում է թաքստոցից կամ թռիչքի ընթացքում։

Բնադրում է փչակներում, ինչպես անտառի խուլ անկյուններում, այնպես էլ բացատների եզրային ծառերին։ Սովորաբար քողարկված թռչուն է և աչքի է ընկնում դժվարությամբ։ Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 3-6 սպիտակ ձու։ Սնվում է մկնակերպ կրծողներով և մանր թռչուններով։

Չափազանց օգտակար թռչուն է միջավայրի համար։

Տարածված է Հյուսիսային և Միջին Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Կովկասում, Թուրքիայում և Հայաստանում։

Հայաստանում մի քանի մեկուսացված ապրելավայրեր հայտնի են «Խոսրովի անտառ» արգելոցում։

Խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ, ռելիկտային տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Չբացահայտված տարածմամբ խիստ հազվագյուտ տեսակ է, որին սպառնում է փոքր թվաքանակը։

Ականթ դիոսկորեանման՝

Ականթ դիոսկորեանման

Ականթազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Բազմամյա գեղազարդային խոտաբույս է, որն ունի ուղիղ կանգնած 30-40 սմ բարձրությամբ ցողուն։ Տերևները ամբողջական են։ Պսակը՝ միաշուրթ, ծիրանի–վարդագույն։ Ծաղկաբույլը՝ խիտ, երկարավուն։ Ծաղկակիցները՝ փշոտ–ատամնավոր են, հաճախ՝ մանուշակագույն։

Հայաստանում հանդիպում է Գեղամի ֆլորիստիկական շրջանում, Հատիս լեռնագագաթի ստորոտում։ Աճում է նաև Արևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում և Արևմտյան Իրանում։

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1600–1700 մ բարձրությունների վրա, քարքարոտ աճելավայրերում, դաշտերի եզրերին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոս ամիսներին։

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ ոչ մեծ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²–ից էլ փոքր է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։ 

Իմ Տերյանը

Իմ Տերյանը

Վահան Տերյան | giteqte