Քամի

Քամի

Քամին օդի շարժումն է Երկրի մակերևույթին գրեթե զուգահեռ՝ բարձր ճնշման մարզից դեպի ցածր ճնշման մարզ։

Մթնոլորտի տարբեր մասերում, ջերմաստիճանի տարբերությամբ պայմանավորված, մթնոլորտային ճնշումը սովորաբար բաշխված է անհավասարաչափ։ Ճնշման այդ տատանումներն են առաջացնում օդի հոսք՝ բարձր ճնշման վայրից դեպի ցածր ճնշման վայր։Քամին բնութագրվում է օդի շարժման արագությամբ, ուժգնությամբ և ուղղությամբ։

Երկրագնդի վրա առկա որոշակի ուղղությամբ շարժվող քամիներից են պասսատները, մուսսոնները, բրիզները, լեռնահովտային քամիները։

Պասսատները կայուն ուղղություն ունեցող քամիներ են։ Իր առանցքի շուրջը Երկրի պտույտի ազդեցությամբ պասսատները Հյուսիսային կիսագնդում թեքվում են դեպի աջ, այսինքն՝ դեպի արևմուտք, և փչում են հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք, իսկ Հարավային կիսագնդում՝ դեպի ձախ և ուղղված են հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք։

Մուսսոնները տարվա ընթացքում երկու անգամ ուղղությունը փոխող քամիներ են։ Ձմռանը փչում են ցամաքից դեպի օվկիանոս, ամռանը՝ օվկիանոսից ցամաք։ Մուսսոնների և բրիզների առաջացման պատճառը ցամաքի և ջրի անհամաչափ տաքացումն է։

Բրիզներն օրվա ընթացքում երկու անգամ ուղղությունը փոխող քամիներ են. առաջանում են հիմնականում ծովերի, լճերի և լայնահուն գետերի ափերին։ Դրանք ցերեկը փչում են ծովից դեպի ցամաք, իսկ գիշերը՝ ցամաքից դեպի ծով։ Բրիզները բնորոշ են նաև Սևանա լճին, հատկապես՝ նրա հարավային ափերին։

Լեռնահովտային քամիները նույնպես օրվա ընթացքում երկու անգամ են փոխում իրենց ուղղությունը՝ առաջանալով հովիտների և նրանց կից լեռնալանջերի միջև։ Մինչև կեսօր օդը հովտից լեռնալանջով բարձրանում է վեր՝ առաջացնելով հովտային քամի, իսկ երեկոյան քամին փչում է լեռներից դեպի հովիտներ, և կոչվում է լեռնային քամի։ Լեռնահովտային քամիները բնորոշ են նաև ՀՀ տարածքին, հատկապես Արարատյան գոգավորությանը։ Լեռնային երկրներին բնորոշ են տաք ու չոր քամիները, որոնք առաջանում են լեռնաշղթայի տարբեր լանջերին օդի ջերմաստիճանի և ճնշումների մեծ տարբերության պատճառով։

Ցիկլոն։ Ցիկլոնին բնորոշ է խոնավ, ամպամած եղանակը։ Եղանակի ծառայության մեջ ընդունված է արևադարձային ցիկլոններն անվանել կանանց անուններով՝ Նենսի, Ժանետ և այլն։ Արևադարձային ցիկլոնները բնության ահեղ երևույթներից են և պատճառում են հսկայական ավերածություններ. քանդում են շինություններ, առաջացնում ալեկոծություններ, ջրհեղեղներ։ Առանձնապես վտանգավոր են ծովափերին դրանց առաջացրած բարձր ալիքները, որոնք իրենց ճանապարհին սրբում-տանում են ամեն ինչ՝ բնակավայրեր, շինություններ, պատճառում մարդկային զոհեր։ Այն երկրներում, որտեղ այդ ցիկլոնները հաճախակի են, ստեղծվում են հատուկ ծառայություններ, որոնք մշտապես հետևում են դրանց ձևավորմանը, շարժման ուղղությանն ու արագությանը և այդ մասին հաղորդում համապատասխան կազմակերպություններին։

Փոքր պտտահողմերն առաջանում են ինչպես ջրերի, այնպես էլ ցամաքի վրա, երբ մեծ արագությամբ տաք տարածք են ներխուժում սառը օդային զանգվածներ։ Նման պտտահողմերն ունեն հզոր ավերիչ ուժ. քանդում են շինություններ, արմատախիլ անում ծառեր։ Անակնկալ պտտահողմը կարող է «կլանել» ջրավազանի ջուրը՝ իր բույսերով ու կենդանիներով, տեղափոխել որոշ տարածություն ու թափել՝ առաջացնելով ձկների, գորտերի, ջրիմուռների զարմանահրաշ տեղումներ։ Փոքր պտտահողմերը հատկապես բնորոշ են Հյուսիսային Ամերիկային։

Քամու ուսումնասիրությունները կատարվում են օդերևութաբանական կայաններում տեղադրված սարքերի, մասնավորապես՝ հողմաչափների և հողմացույցների միջոցով։ Նման աշխատանքներ կատարվում են նաև մեր հանրապետությունում գործող բազմաթիվ օդերևութաբանական կայաններում։

Քամին գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի կազմավորման վրա մեծ մասամբ բացասական ազդեցություն է գործում։ Ծառերը և մեծ բարձրություն ունեցող բույսերը ավելի շատ են ենթարկվում քամու վնասակար ազդեցությանը, քան խոտաբույսերը։

Քամիները զգալի վնասներ են հասցնում բույսերին իրենց մեխանիկական ազդեցությամբ։ Նրանք արտափչում և հեռացնում են հողի մեջ ցանված սերմերը։ Ձմռանը սակավաձյուն շրջաններում ուժեղ քամիների հետևանքով հաճախ նկատվում է բույսերի թփակալման հանգույցի մերկացում և հետևապես աշնանացան կուլտուրայի ոչնչացում։

Ուժեղ քամիները զգալի վնասներ են հասցնում այգեգործությանը։ Պտղատու կուլտուրաների ծաղկման շրջանում նրանք պոկում են ծաղիկները, դժվարացնում փոշոտող միջատների թռիչքի պայմաները և հետևապես վատացնում ծաղիկների փոշոտման պայմանները։ Քամին ունի զուտ կենսաբանական նշանակություն։

Քամու էներգիան որոշակի աշխատանք է կատարում նաև բնության մեջ։ Քամու միջոցով քշվում-տարվում են ապարների մասնիկներ, առաջանում են ռելիեֆի նոր ձևեր, տեղի է ունենում հողմային էրոզիա և այլն։ Քամու ուժը մարդիկ օգտագործել են շատ վաղ ժամանակներից. կառուցել են հողմաղացներ, նավարկել առագաստանավերով։ Մեր օրերում քամու ուժով աշխատող հողմակների միջոցով ստանում են էլեկտրաէներգիա։ Հողմաէլեկտրակայանները հոսանք են մատակարարում զանազան արշավախմբերի և բևեռային օդերևութաբանական կայաններին։ Այսօր հողմաէլեկտրակայաններով արտադրվում է էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրանքի 1, 3 %-ը։ Գլխավոր խոչընդոտը քամու էներգիայի ցրված և փոփոխական լինելն է, իսկ առավելությունն այն է, որ կառուցումից հետո վառելիքի լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում, և դրանց աշխատանքի ընթացքում վնասակար թափոններ չեն առաջանում։

Оставьте комментарий