Հուշանգ Մորադի Քերմանիի մասին

Հուշանգ Մորադի Քերմանիի մասին

Իրանցի գրող և երգիծաբան Հուշանգ Մորադի Քերմանին աշխարհին
հայտնի է որպես «Մաջիդի պատմվածքների» հեղինակ: Նա ծնվել է 1944թ.
սեպտեմբերի 6-ին (արեգակնային տոմարով՝ 1323թ. շահրիվարի 16-ին) Իրանի Քերման քաղաքում: Մանկությունն անց է կացրել բավականին ծանր
պայմաններում: Նրա կյանքի դժվարությունները քանիցս ավելին էին, քան
այն, որ նշվում է Մարկ Տվենի մասին: Նա ութ տարեկան հասակից ամենածանր պայմաններում է ճաշակում կյանքը. միայնակ երեխա, ով զրկված էր
հոր և մոր պարգևից և իր կյանքի ամենակարևոր ցանկությունը, այսինքն՝
գիրք կարդալն իրականություն դարձնելու համար այնպիսի մեծ տառապանքների է դիմանում, որոնք դժվար է պատկերացնել: Պատմում են, որ մի
անգամ մանուկ հասակում գիրք գնելու նպատակով բեռնատար ավտոմեքենայից աղ է բեռնաթափում և գիշերվա ավարտին իր իսկ քրտինքով վաստակած գումարով գիրքը գնում է, սակայն աղի հանքաքարերի կոշտությունից
ձեռքերում առաջացած վերքերի պատճառով գիրքն ընթերցելու համար
ստիպված է լինում լեզվով թերթել այն: Թեև նա այդ ծանր ժամանակաշրջանը
երգիծական ոճով է ներկայացնում իր պատմվածքներում, սակայն թվում է, թե
միշտ նրան տանջում է սեփական մանկության վերհուշը, քանի որ իր պատանեկությունն ամփոփում է հետևյալ մի քանի բառերում. «Մինչև 15 տարեկան ապրել եմ Քերմանում, և կյանքս անցավ առանց ծնողների. լի դժվարություններով ու ցավերով»:

Read more
Հուշանգ Մորադի Քերմանի «Շոկոլադ» | Վերլուծություն

Հուշանգ Մորադի Քերմանի «Շոկոլադ» | Վերլուծություն

«Շոկոլադ» պատմվածքը սկսվում է այն դրվագից, երբ տղան դեղատան աշխատակցուհու հետ խոսում էր, թիթեռ-փողկապով իր հոր լուսանկարն էր ցույց տալիս նրան: Նրա հայրը արվեստագետ էր, դերասան: Ըստ տղայի նրան շատերն էին ճանաչում, բայց նկարը տեսնելիս ոչ մեկ տեղը չէր բերում: Այժմ նա հիվանդ էր, իսկ տղան փորձում էր որևէ ձևով օգնել: Նա շրջում էր տարբեր դեղատներով՝ խնդրելով նրան տալ անհրաժեշտ դեղերը հոր հիվանդությունը բուժելու համար: Սակայն դեղատան աշխատողը ասում է, որ նրան չի ճանաչում, իսկ դեղատոմսի դեղերը վերջացել են արդեն: Աշխատողը անգամ նկարը ցույց տվեց իր օգնականներին, բայց ապարդյուն, նրանք էլ չճանաչեցին: Այսպիսով տղան կանգնեց աթոռի վրա՝ բարձրաձայն պատմելով հոր մասին և ցույց տալով նրա նկարը: Վերջիվերջո մի քանի հոգի արձագանքեցին՝ ասելով, թե որտեղ կարող է գտնել անհրաժեշտ դեղամիջոցը՝ սիմորղի ձուն: Այն օգտակար էր անքնության և մեջքի ցավերի համար: Տղան շտապեց նաև այդ դեղատունը, սակայն այնտեղի աշխատողը ևս ասաց, որ չունեն, վերջացել է: …Տղան աթոռին նստած դանթում էր: Վիզը թեքվել էր, ձեռքերում հոր նկարի շրջանակն էր պահել, իսկ սիմորղի արձանը դրել՝ կողքի աթոռի վրա: Նրան մոտեցավ դոկտորը՝ կրկին պնդելով, որ չունեն դեղերը և որ արդեն կարող է գնալ: Իսկ տղան համառորեն փորձում էր համոզել, որ նա ճանաչում է իր հորը: Դոկտորը վերցրեց դեղատոմսն ու ինչ-որ մեկին զանգեց: Հետո նայեց բժշկական ապահովագրության գրքույքի առաջին էջի փոքր, անհաջող և խունացած լուսանկարին, տղային շոկոլադ հյուրասիրեց, վերցրեց շրջանակն ու նայեց նրա միջի լուսանկարին՝ խնդրելով տղային տալ հոր հեռախոսահամարը: Դոկտորը հավաքեց նրա հոր հեռախոսահամարն ու ասաց, որ իմանա իր տղայի արժեքը և մի օր Աստծո օգնությամբ անպայման կլավանա: