Հուշանգ Մորադի Քերմանիի մասին

Հուշանգ Մորադի Քերմանիի մասին

Իրանցի գրող և երգիծաբան Հուշանգ Մորադի Քերմանին աշխարհին
հայտնի է որպես «Մաջիդի պատմվածքների» հեղինակ: Նա ծնվել է 1944թ.
սեպտեմբերի 6-ին (արեգակնային տոմարով՝ 1323թ. շահրիվարի 16-ին) Իրանի Քերման քաղաքում: Մանկությունն անց է կացրել բավականին ծանր
պայմաններում: Նրա կյանքի դժվարությունները քանիցս ավելին էին, քան
այն, որ նշվում է Մարկ Տվենի մասին: Նա ութ տարեկան հասակից ամենածանր պայմաններում է ճաշակում կյանքը. միայնակ երեխա, ով զրկված էր
հոր և մոր պարգևից և իր կյանքի ամենակարևոր ցանկությունը, այսինքն՝
գիրք կարդալն իրականություն դարձնելու համար այնպիսի մեծ տառապանքների է դիմանում, որոնք դժվար է պատկերացնել: Պատմում են, որ մի
անգամ մանուկ հասակում գիրք գնելու նպատակով բեռնատար ավտոմեքենայից աղ է բեռնաթափում և գիշերվա ավարտին իր իսկ քրտինքով վաստակած գումարով գիրքը գնում է, սակայն աղի հանքաքարերի կոշտությունից
ձեռքերում առաջացած վերքերի պատճառով գիրքն ընթերցելու համար
ստիպված է լինում լեզվով թերթել այն: Թեև նա այդ ծանր ժամանակաշրջանը
երգիծական ոճով է ներկայացնում իր պատմվածքներում, սակայն թվում է, թե
միշտ նրան տանջում է սեփական մանկության վերհուշը, քանի որ իր պատանեկությունն ամփոփում է հետևյալ մի քանի բառերում. «Մինչև 15 տարեկան ապրել եմ Քերմանում, և կյանքս անցավ առանց ծնողների. լի դժվարություններով ու ցավերով»:

Հուշանգ Մորադի Քերմանին արվեստի ոլորտում իր աշխատանքներն
սկսեց 1961 թվականից Ռադիո-Քերմանում՝ այն հետագայում շարունակելով
Թեհրանում: Գրել սկսեց 1968 թվականից «Խուշե» («Հասկ») ամսագրում:
Պատմվածքների իր առաջին գիրքը՝ «Մասումեն», մի քանի տարբեր պատմվածքներով, և մյուս՝ «Ես մի վախեցած եղնիկ եմ» գիրքը տպագրեց 1970 կամ
1971թ., որոնց հաջորդեց «Մաջիդի պատմվածքները», որը գրեց ՌադիոԻրանի «Ընտանիք» հաղորդաշարի համար:

Ինչպես նշվեց, Մորադի Քերմանին, 1968թ. մամուլում տպագրելով իր
պատմվածքները, ընդլայնեց մամուլի ոլորտում իր գործունեությունը: Նրա
առաջին պատմվածքը՝ «Մեզ նման երջանիկների փողոցը», տպագրվեց «Խուշե» («Հասկ») ամսագրում: Այս պատմվածքը երգիծական բնույթի էր: Նա իր
հաջորդ ստեղծագործություններում սեփական կյանքի ցավերն ու տառապանքները երգիծական երանգներով վերածում է որևէ պատմվածքի: Ըստ
նրա. «Այս պատմվածքներն արդյունքն են կյանքում իմ մաքառումների ու ջանքերի: Այսինքն՝ ես ճանկեցի սեփական կյանքս և այն պատկերեցի: Բոլոր իմ
պատմվածքների արմատները կարելի է գտնել իմ կյանքում:

Մորադի Քերմանիի ստեղծագործությունների առանձնահատկություններից կարելի է նշել ասացվածքների և ժողովրդական ավանդույթների ու սովորույթների, ինչպես նաև խոսակցական բառերի կիրառումը և արձակի ու
չափածոյի միաձուլումը: Նրա գործերի գրավչությունն ու հաջողությունը նաև
պայմանավորված են նրա կողմից մանուկների ու պատանիների մտածողության նրբությունների ընկալմամբ. Մորադի Քերմանին երբեմն մատնանշում է
այնպիսի նուրբ մանրուքներ, որ հենց այդ ակնարկների շնորհիվ բազմաթիվ
ընթերցողներ է գրավում մի քանի սերունդներից, քանի որ հեղինակն օժտված
է իրանական ինքնության ոճով: Իր կողմից գրի առնվող նյութի ընկալումն ու
շոշափումը Մորադի Քերմանիի բանաստեղծական արվեստի ու գրչի առանձնահատկություններից են: Կարելի է ասել, որ նա գրում է իր ամբողջ էությամբ,
և բոլոր ստեղծագործություններում փողոցի ու շուկայի մարդիկ վառ արտահայտված դերակատարում ունեն:

Այս ձևակերպման մեջ Մորադի Քերմանին, սահմաններն անցնելով,
դուրս է գալիս սեփական հասարակության շրջանակներից և ուշադրություն
դարձնում նաև աշխարհի այլ կետերում ապրող մարդկանց, ովքեր իր համար
կարևորվում են որպես սեփական հայրենիքի զանգվածներ, լինեն դրանք հայրենակիցներ կամ ոչ հայրենակիցներ: Եթե Մարկ Տվենին համարենք ամերիկացի առաջին գրող, ով ուշադրության արժանացրեց մարդկանց կենցաղը և
պատկերեց տասնիններորդ դարի հանրության կյանքը, Մորադի Քերմանիին
պետք է համարել գրող, ով, բացի մարդկանց զանգվածներին ուշադրություն
դարձնելուց, քսաներորդ դարի հասարակությանն ուղղված խոր և նուրբ հայացքով կողք կողքի է դասում Իրանի սոցիալական տարբեր դասակարգերի
կյանքը, հենվում սոցիալական տարբերությունների վրա և հատկապես լավագույնս պատկերում գյուղացիներին, ովքեր ջանում են ավելի լավ կյանքի երազանքով: Նա վերածվում է ցավ ապրած այն մարդկանց ձայնին, ովքեր իրենց
փոքրիկ երազանքներին հասնելու համար ստիպված են մեծ քայլեր նախաձեռնել:

Оставьте комментарий