Լիդերություն

Լիդերություն

Հասարակության քաղաքական կյանքում քաղաքական էլիտայի գործունեությունը հիմնականում պայմանավորված է քաղաքական լիդերների առկայությամբ։ Լիդերության հիմնահարցը քաղաքական մտքի պատմության ժամանակահատվածում եղել է հետազոտողների ուշադրության կենտրոնում։ Բոլոր ժամանակներում էլ քաղաքականության հիմնական հարցերից մեկն է հանդիսացել անհատի ունեցած դերակատարումը պատմության մեջ։ Քաղաքագիտության մեջ հիմնականում գործել են 2 հակադիր բևեռներ։ Առաջին մոտեցումը բացարձակեցնում է անհատի դերակատարումը պատմական իրադարձությունների և գործընթացների մեջ, իսկ երկրորդ մոտեցումը հիմնական շեշտը դնում է օբյեկտիվորեն ձևավորված պատմական նախադրյալների վրա, որոնք էլ թելադրում են անհատների վարքագիծը։

Իրական կյանքում լիդերության դրսևորման համար կարևոր են ինչպես պատմական իրավիճակն ու նախադրյալները, այնպես էլ լիդերի անձնական որակները, խմբի ցանկությունները և որոշումները, որոնք էլ միասին վերցրած ծնունդ են տալիս այս կամ այն լիդերին։

Քաղաքականության մեջ լիդերությունը կարող է դրսևորվել մի քանի մակարդակում։

  • Լիդերության առաջին մակարդակը փոքր խմբի լիդերն է, որտեղ լիդերը կարողանում է իր շուրջը համախմբել մարդկանց, հանդիսանալ տվյալ խմբի ուղեղային կենտրոնը, ձևավորել տվյալ խմբի հիմնական պահանջմունքները և պաշտպանել խմբի շահերը, այլ խմբերի հետ հարաբերություններում։
  • Կազմակերպության, շարժման կամ կուսակցության լիդեր։ Այս մակարդակում արդեն բացի լիդերի անձնական հատկանիշներից կարևորվում են նաև տվյալ կառույցի ունեցած հեղինակությունը և ճանաչելիությունը հասարակության շրջանում։ Այս դեպքում լիդերությունը կարող է հանդես գալ ինստիտուտի տեսքով։
  • Քաղաքական լիդերի մակարդակ։ Սա ավելի գլոբալ մասշտաբով ձևավորում է հասարակության ակնկալիքները, հանդես է գալիս ողջ ժողովրդի անունից, ի դեմս որի լիդերությունը վեր է ածվում սոցիալ-քաղաքական ինստիտուտի։

Եթե լիդերության առաջին մակարդակում ավելի կարևոր են համարվում մարդու անձնական որակները, ապա երկրորդ և երրորդ մակարդակներում առաջնային են հանդիսանում ինստիտուցիոնալ բաղադրիչները, տվյալ կառույցի կամ կազմակերպության լեգիտիմության աստիճանը հասարակության գիտակցության մեջ։

Оставьте комментарий