Պատերազմն ու կյանքը…

Պատերազմն ու կյանքը…

Պատերազմ… Մի բառ, բայց անքա՜ն ցավոտ։ Այնքան բան կա ասելու պատերազմի մասին… Մենք չէինք հասկանում այդ ամենը, անգամ Քառօրյայի ժամանակ չէինք գիտակցում` ինչ է կատարվում։ Այնինչ Աստված չխղճաց մեզ. ստիպեց գիտակցել այդ ցավը, ստիպեց հասկանալ` ինչ է նշանակում հոգու ցավ, երբ շատ ուժեղ է ցավում, բայց չես հասկանում որտեղդ… Ստիպեց ամեն անգամ փողոց դուրս գալիս, քայլելիս, խոսելիս հուզվել, ամեն անգամ ժպտալիս մեզ մեղավոր զգալ, չկարողանալ անցնել Հերոսների փողոցներով ու նայել նրանց հարազատների աչքերի մեջ։

Գնացին տղերքը… Չէ՛, պատերազմը տարավ, տարավ՝ անվերադարձ…

Սեպտեմբերի 27: Այս չարաբաստիկ օրից երկիրս սև հագավ։ Ո՞վ կմտածեր, որ մեր հասակակից «փոքր» տղաները այնքան մեծացան, որ իրենց կյանքը տվեցին մեզ համար…

Մենք շարունակում ենք ապրել… Կամ ուղղակի սպանել ժամանակը… Իսկ ի՞նչ է նշանակում ապրել պատերազմից հետո: Իսկ հնարավո՞ր է ապրել պատերազմից հետո…

Հարցեր, որոնք ունեն մխիթարություններ պատասխանների տեսքով, սակայն չունեն պատասխաններ։

Բոլորն են իրենց հարց տվել. ինչու՞ հենց դուք։ Ինչու՞ հենց մեր սերունդը։

Կարծում եմ մենք դարերի ամենաբախտավոր սերունդներից ենք, եթե ոչ՝ ամենաբախտավորը։ Մենք կարողացել ենք ճանաչել ՀԵՐՈՍՆԵՐԻ, նրանց հետ հաճախել նույն ուսումնական հաստատություն, ապրել նույն քաղաքում…

Բարձր երաժշտություն, ժպիտներ, ծիծաղ, ուրախ երեկոներ, տոներ. այս ամենը կորցրել են իրենց գույները։ Եթե անգամ ժպտում ենք կամ մասնակցում միջոցառումների, մեկ է, ցավը չի պակասում, որոշ դեպքերում նաև ավելանում է, երբ լսում ենք նրանց երգերը, կամ այն ստեղծագործությունները, որոնք նրանց կողմից հնչում էին հաճախ և անկրկնելի…

Այժմ բոլորը փախչում են. վախենում են նոր պատերազմից։ Բայց մի պահ եկեք մեզ հարց տանք. «Փախչելով ու՞մ ենք թողնում մեր երկիրը, մի՞թե մենք կարող ենք մեր տղաների կյանքի գնով պահված երկրում թույլ տալ, որ ապրեն թուրքն ու ադրբեջանցին»։ Եթե ուզում ենք առաջ շարժվել, թեկուզ միայն մեր Հերոսների համար, պետք է գիտակցենք, որ նրանք իրենց կյանքով ոչ թե մեզ նվիրել են ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ապրելու հնարավորություն, այլ դատապարտել են դրան։ Մենք չենք կարող մոռանալ ամեն ինչ, երկիրը թողնել և փախչել: Մենք չունենք դրա իրավունքը։ Մենք պետք է ապրենք մեր երկրում։ Ու պետք է ապրենք գիտակցելով, ոչ թե մտածելով, որ մեզ այստեղ «գերեզմաններն են պահում»…

Оставьте комментарий