Էմմի Նյոթեր

Էմմի Նյոթեր

Էմմի Նյոթեր գերմանացի մաթեմատիկոս, հայտնի է աբստրակտ հանրահաշվում և տեսական ֆիզիկայում իր ներդրումներով։ Պավել Ալեքսանդրովը, Ալբերտ Այնշտայնը, Ժան Դյոդոնեն, Հերման Վեյլը և Նորբերտ Վիները նրան համարում են ամենակարևոր կինը մաթեմատիկայի պատմության մեջ: Իր ժամանակի առաջատար մաթեմատիկոսներից մեկը լինելով՝ մշակել է օղակների, դաշտերի և դաշտի հանրահաշվի տեսությունները։ Նյոթերի թեորեմը ֆիզիկայում բացահայտում է սիմետրիայի և պահպանման օրենքների կապը:
Նյոթերը ծնվել է Ֆրանկոնիայի Էռլանգեն քաղաքում, հրեական ընտանիքում: Հայրը մաթեմատիկոս Մաքս Նյոթերն էր։ Էմմի Նյոթերն սկզբնապես մտադրվել է համապատասխան քննությունները հանձնելուց հետո ֆրանսերեն և անգլերեն դասավանդել, սակայն փոխարենը մաթեմատիկա է սովորում Էռլանգենի համալսարանում, որտեղ դասավանդում էր հայրը։ 1907 թվականին՝ Պաուլ Գորդանի ղեկավարությամբ դիսերտացիա պաշտպանելուց հետո յոթ տարի առանց վարձատրության աշխատում է Էռլանգենի Մաթեմատիկական ինստիտուտում (այդ ժամանակ հիմնականում բացառված էր կանանց ներկայությունը ակադեմիական հաստիքներում)։ 1915 թվականին Դեյվիդ Հիլբերտը և Ֆելիքս Կլայնը նրան հրավիրում են Գյոթինգենի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետ, որը մաթեմատիկական հետազոտությունների հանրահայտ կենտրոն էր։ Սակայն փիլիսոփայության ֆակուլտետը ընդդիմանում է դրան, և Նյոթերը չորս տարի դասախոսում է Հիլբերտ անվան տակ։ Նրա հաբիլիտացիան հաստատվում է 1919 թվականին, ինչը Նյոթերին թույլ է տալիս պրիվատդոցենտի աստիճան ձեռք բերել։ Մինչև 1933 թվականը Նյոթերը Գյոթինգենի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի առաջատար դեմքն էր. նրա ուսանողներին երբեմն անվանում էին «Նյոթերի տղաներ»: 1924 թվականին հոլանդացի մաթեմատիկոս Բարտել Լեենդերտ վան դեր Վարդենը միանում է նրա խմբին և շուտով դառնում է Նյոթերի գաղափարների առաջատար ներկայացնողը. Վարդենի՝ 1931 թվականին լույս տեսած «Արդի հանրահաշիվ» հեղինակավոր դասագրքի երկրորդ հատորի հիմքում Նյոթերի աշխատանքն է։ Այդ ընթացքում, մինչ 1932 թվականին Ցյուրիխում կայացած Մաթեմատիկոսների միջազգային համաժողովում Նյոթերի հանրահաշվական նուրբ հոտառությունը ճանաչում գտավ ամբողջ աշխարհում։Հաջորդ տարի Գերմանիայի նացիստական կառավարությունը հրեաներին ազատեց համալսարակական պաշտոններից, և Նյոթերը մեկնեց Միացյալ Նահանգներ՝ աշխատանքի ընդունվելով Փենսիլվանիայի Բրին-Մար քոլեջում։ 1935 թվականին Նյոթերը ենթարկվեց ձվարանի կիստայի վիրահատության, սակայն, չնայած ապաքինման նշաններին, մահացավ չորս օր անց՝ 53 տարեկանում։ Իր աշակերտ Էմիլ Արթինի հետ համատեղ նա ստապել է Ակերման Տյոբների մրցանակ մաթեմատիկայում ձեռքբերումների համար։

Оставьте комментарий