Արցախի և Սյունիքի զինված պայքարը

Արցախի և Սյունիքի զինված պայքարը

Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731)։

Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում։

1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք։ Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս։ Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, ապա Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար։Հայաստան վերադառնալիս Սյունիքի Անգեղակոթ գյուղում Իսրայել Օրին Մելիք Սաֆրազի հետ հրավիրում է գաղտնի խորհրդակցություն։ Դրան մասնակցում են Սյունիքի տասնմեկ իշխան-մելիքներ։ Ժողովը, ի տարբերություն նախորդ ազատագրական ժողովների կրում էր աշխարհիկ բնույթ։ Մելիքներն իրենց կնիքներով և ստորագրություններով հաստատված նամակներ են հանձնում Իսրայել Օրուն, որոշում նրան լիազորել՝ շարունակելու բանակցությունները եվրոպական երկրների, այդ թվում՝ Ռուսական կայսրության հետ։ Օրու հետ Եվրոպա պետք է ճանապարհվեր Մինաս վարդապետ Տիգրանյանը։ Գերմանիայի կայսերընտիր իշխան, Պֆալցի գահակալ Հովհան Վիլհելմին ուղարկված նամակում հայ մելիքներն ու զինվորականները հայտնում էին, որ իրենք պատրաստ են զինված ապստամբություն բարձրացնել՝ գերմանացիների փոքրաթիվ օգնական զորքի առկայության պարագայում, ապա Հովհան Վիլհելմին ճանաչել հայոց թագավոր։

18-րդ դարի սկզբներից Սյունիքում և Արցախում պատրաստվում էին ազատագրական շարժման։ Արցախում բնակչությունը միատարր էր՝ հայկական, և պայքարը ղեկավարվում էր մելիքների ու հոգևորականության, մասնավորապես՝ Ավան հարյուրապետի ու Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի կողմից։ Նրանք կարողացել էին հավաքագրել 40 հազարանոց բանակ։ Մինչդեռ Սյունիքում բնակչությունը մաքուր հայկական չէր. լեռնային շրջաններում բնակություն էին հաստատել իսլամադավան ցեղեր, իսկ ազատագրական ուժերը սակավամարդ էին և ոչ համախմբված։ Բացի այդ, այնտեղ հզոր էին շրջակա պարսկամետ և իսլամադավան իշխանները։ Զանգեզուրում ազատագրական շարժումը կազմակերպելու և վրաց ազատագրական ուժերի հետ կապեր հաստատելու նպատակով Սյունիքի մելիքների ու տանուտերերի հանձնարարությամբ հայ առևտրական Ստեփանոս Շահումյանը մեկնում է Թբիլիսի և բանակցում վրաց արքայորդի Շահնավազի հետ։ Նրա խնդրանքով Քարթլի-Կախեթի թագավոր Վախթանգ VI-ը 1722 թվականին Սյունիք է ուղարկում մի քանի հայ զորավարներ։

30 հոգանոց զորականների ջոկատը, որոնց շարքում առավել հայտնին Դավիթ Բեկն էր, հաստատվեցին Շինուհայր ավանում և իրենց շուրջը համախմբեցին տեղի զինված ուժերը։ Դավիթ Բեկի ստեղծում է ռազմական խորհուրդ, աչքի ընկած զորականներից Մխիթարին նշանակում զորքերի սպարապետ, իսկ Տեր-Ավետիսին, Փարսադանին, Թորոսին, Ավթանդիլին, Բայանդուրին և ուրիշներին տալիս զորաջոկատի հրամանատարի կոչում։ Սյունիքի մելիքներն ու տանուտերերը՝ Չավնդուրի Թորոս իշխանը, Պապ և Պալի հարյուրապետները, Հալիձորի մելիք Փարսադանը և ուրիշներ, ներկայանում են Դավիթ Բեկին և պատրաստակամություն հայտնում միանալ ազատագրական շարժմանը։ Դավիթ Բեկը կարողանում է ստեղծել 2000-անոց կանոնավոր բանակ, իր մոտ հրավիրում Տաթևի վանքի հոգևոր առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսին, ով հավաստում է հոգևոր դասի աջակցությունը ազատագրական պայքարին։

Նույն տարվա աշնանը Դավիթ Բեկը պարտության մատնեց կարաչոռլու և ջևանշիր քոչվոր ցեղերին։ Ուչթափա տեղանքում ջևանշիր 32 ցեղերի մի քանի հազարանոց զորքի դեմ Դավիթ Բեկի 400 հոգանոց զորամասը հաղթանակ է տանում։ Վաչկատուն ցեղերի անասուններն ու ունեցվածքը բաժանվեց հայ գյուղացիներին։ Զորավարի հեղինակությունը աճեց։ Ապա գրավվում է Տաթևի մոտ գտնվող ամրոցը, որը պատկանում էր իսլամ ընդունած մելիք Բաղրին։ Դավիթ Բեկը մելիքին բերում է Շինուհայր և հրամայում եկեղեցում բոլորի ներկայությամբ տասներկու օր բարձրաձայն ասել. «Լո՛ւյս Լուսավորչի հավատին, վայ ուրացողին»։ Այնուհետև հրամայում է կտրել նրա գլուխը, իսկ ինքը գալիս և հաստատվում է Տաթևում։ Մելիքի ունեցվածքը բաժանվում է զինվորներին ու գյուղացիներին։ Բեկը գլխատել է տալիս նաև Երիցվանիկի (Արծվանիկ) իսլամ ընդունած մելիք Ֆրանգյուլին։ Վախկոտություն ու խուճապ տարածելու համար գլխատվում է Պապ զորավարը, կարճատև կալանքի ենթարկվում Տեր-Ավետիսը, Մխիթար սպարապետը և ուրիշներ։ Այս գործողություններից հետո հայկական զորքերում կարգուկանոն է հաստատվում։

Հայ բնակչությունը ոտքի է կանգնում նաև երբեմնի Սյունիքի թագավորության մայրաքաղաք Կապանում։ Շրջակա մուսուլման տիրակալները՝ Բարգուշատի ու Ղարադաղի խաները, 18000-անոց զորքով հարձակվում են հայկական զորքերի վրա։ Կապանի Եղվարդ գյուղի մոտ 1723 թվականին Չավնդուրի ճակատամարտում հայերը հաղթանակ տարան։ Ազատագրված Կապանը միացավ հայկական իշխանությանը։ Հայկական ուժերի կենտրոնատեղի դարձավ Հալիձորի բերդը։ Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի գլխավորած հայկական զորաջոկատները գրավում են նաև Զևայի անառիկ բերդը՝ ջախջախելով տեղի մոտ 4000-անոց կայազորը։ Մեկ տարի անց՝ մայիսի 29-ին, հայկական զորաջոկատները գրավում են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Որոտան բերդը։

Արցախի և Սյունիքի իշխանություններ

1724 թվականին պարսից շահ Թահմասպ II-ի հրամանով Ղարադաղի խանը հարձակվում է հայկական իշխանության վրա։ Դավիթ Բեկին օգնության են հասնում Արցախի զորամասերը՝ Իվան Կարապետի ու Ավան հարյուրապետի հրամանատարությամբ։ Հայերի հաղթանակը վերջնականապես ամրպնդեց օտար լծի ազատագրումը։ Դրան հաջորդեց Գողթան և Արևիք գավառների ազատագրումը. Ագուլիսը ու Մեղրին մտան հայկական իշխանության տարածք։ Սյունիքի մելիքներն ու տանուտերերը Դավիթ Բեկին ընդունում են որպես երկրամասի գերագահ իշխան և հայտնում իրենց հպատակությունը[14]։

Դավիթ զորավարի հրամանով ամրացվում են հայկական բերդերը, որտեղ հաստատվում է մշտական կայազոր։ Առավելապես հայտնի էին Չավնդուրի բերդը՝ 2000 զինվորով, Կալերը՝ 700, Շինուհայրը՝ 550, Սիսիանը՝ 500, Տաթևը և Մեղրին՝ 400-ական, և այլն։ Զանգեզուրի բանակները բաղկացած էին 7000 զինվորից։ Բանակները բաժանվում էին զորամասերի, որոնց հրամանատարներ են կարգվում տեղական մելիքներն ու Վրաստանից ժամանած հայ զորականները։ Զորամասերն ունենում են իրենց դրոշները և ենթարկվում էին Դավիթ Բեկին։ Կապանի Հալիձոր բերդը դառնում է իշխանանիստ ավան, ամրացվում ու կառուցապատվում է։

1722-25 թվականներին՝ երեք տարվա ընթացքում, հաղթահարելով բոլոր դժվարությունները, Դավիթ Բեկը ոչ միայն վտարեց օտարներին ու թշնամիներին, այլև համախմբեց Սյունիքի հայկական մելիքությունները մեկ դրոշի ներքո։ Միևնույն ժամանակ Արցախում սկսած ազատագրական պայքարը նույնպես պսակվել էր հաջողությամբ։ Միևնույն ժամանակ Հայաստանի հյուսիսային հարևան Վրաստանը հարձակման էր ենթարկվել օսմանյան զորքերի կողմից. թուրքերը 1723 թվականին գրավել էին Թբիլիսին՝ տիրանալով ողջ թագավորությանը։

1723 թվականից հայ-վրացական միացյալ զորքերը, Պետրոս Մեծի խոստման համաձայն՝ ոգևորված Կասպիական արշավանքի մասին լուրով, սպասում էին Գանձակի մոտ գտնվող Չոլակ վայրում։ Արցախի զորահրամանատարությունը համաձայնության էր եկել Գանձակի մուսուլմանների հետ՝ թուրքական հարձակման դեպքում համատեղ պայքարելու նպատակով։ Սակայն ռուսական օգնությունը տեղ չի հասնում, իսկ գանձակեցիներն անցնում են թշնամու կողմը. 1723 թվականին գրավվում է նաև Գանձակը։ Արևելյան Հայաստանը հյուսիսից, արևմուտքից ու արևելքից շրջապատվում է թուրքական զորքերով։

Оставьте комментарий