Մշակույթը Վանի թագավորության շրջանում

Մշակույթը Վանի թագավորության շրջանում

Վանի տիրակալները մեծ նվաճումների են հասել քաղաքաշինության բնագավառում: Սարդուրի I-ը կառուցել է Տուշպան: Մենուայի օրոք Արաքսի աջ ափին կառուցվել է Մենուախինիլի քաղաքը, Արածանիի ափին հիմնադրվել է Ներքին Խնձորի հզոր ամրոցը (Կայալի-դերե հնավայր), Տուշպայից հյուսիս-արևելք` Վերին Անձավի բերդաքաղաքը, տասնյակ այլ ամրոցներ պետության կենտրոնում և Ուրմիա լճի ավազանում: Արգիշտի I-ը մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունին, մ. թ. ա. 776 թ-ին՝ Արգիշտիխինիլին` Արարատյան դաշտում, մեկ այլ Արգիշտիխինիլի` Մուշի շրջանում: Սարդուրի II-ը Տուշպայից ոչ հեռու հիմնել է Սարդուրիխինիլին (Հայկաբերդ, Աստվածաշեն), ապա` նույնանուն 2 այլ քաղաքներ` Արճեշից հյուսիս և Աղձնիքում: Ռուսա I-ը Սևանա լճի ավազանում վերակառուցել է 2 խոշոր բերդ-ամրոցներ` դրանք անվանակոչելով Խալդի և Թեյշեբա աստվածների անուններով: Արգիշտի II-ը կառուցել է խոշոր ամրոցներ` Խալդի աստծու և իր անուններով: Ռուսա II-ը հիմնադրել է Թեյշեբաինի քաղաքը (Կարմիր բլուր հնավայր), ապա՝ «Ռուսայի փոքր քաղաքը» (Բաստամ հնավայրը՝ ներկայիս Իրանի տարածքում), Զիուկունի երկրի Խալդիի քաղաքը (Արծկե, Ադիլջևազ հնավայր), Ռուսախինիլի անվամբ 2 քաղաք (Թոփրակկալե և Այանիս հնավայրեր), վերակառուցել և ընդարձակել է բազմաթիվ ամրոցներ ու քաղաքներ:

Զարգացել է տաճարաշինությունը: Վանի թագավորության տաճարները մի քանի տեսակ էին: Մեկը Արդինի-Մուսասիրի հայտնի տաճարն էր, որի միայն վերակազմության պատկերն է պահպանվել: Տաճարների այս ոճը Հայաստանից անցել է Փոքր Ասիա, այնտեղից` Հունաստան, ապա` Հռոմ, որտեղից էլ տարածվել է ողջ աշխարհում: Այդ ոճի հիանալի նմուշներից է Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարի մյուս տեսակը կոչվում է «Աստծու դարպաս»:

Պալատների ու տաճարների պատերը ներսից զարդարվել են որմնանկարներով (աստվածների, ռազմի, կենդանիների և այլ բազմագույն պատկերներ), զինատեսակներով: Պեղումներից հայտնաբերվել են մեծ թվով սաղավարտներ, վահաններ, գոտիներ, կապարճներ, որոնք  զարդարված են մարտակառքերի, հեծյալների, քրմերի, առյուծների, ցուլերի ու թևավոր էակների պատկերաքանդակներով:

Պեղումներից հայտնաբերված մշակութային արժեքները պահպանվում, ուսումնասիրվում և ցուցադրվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի, Բրիտանական (Լոնդոն), Առաջավորասիական (Բեռլին) թանգարաններում, Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ) և այլուր:

Оставьте комментарий